Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կոկիկ վիլլաները իրանց գեղեցիկ աշտարակներով ու քմահաճ լուսամուտներով ու ցցուն պատշգամբներով շոյում էին տեսանելիքը, որպես գերերկրային տեսիլք։

Բայց, ավաղ, ես հայ էի։ Իսկ ո՞ր հայը արտասվելու չափ չի հուզվում Կ․ Պոլսին մոտենալիս։ Որի՞ աչքերի առջև չեն պատկերանում իր ցեղի դարավոր տառապանքները մեկը մյուսի հետևից, հաջորդաբար։ Սիբարիտ փաշաների այդ ամառային ապարանքները, որ այնպես մրցում են իրարու հետ, քանի՜֊քանի ոճիրներ են տեսել։ Գոռոզ դեսպանների այդ եվրոպական վիլլաները քանի՜-քանի անգամ են եղել մեծամեծ եղեռնների լուռ վկաներ։ Իսկ այդ նենգ գեղեցկուհին, որ Բոսֆոր է կոչվում, զուր չէ գալարվում վիշապի պես։ Իր վճիտ ջրերի տակ քանի՜-քանի անմեղների դիակներ է պահում։

Ճակատագրի կծու հեգնանք․ հին աշխարհի գեղեցկագույն մասն ընկել է այն ցեղի ձեռքը, որ բնավ ընդունակ չէ գեղեցիկն զգալու։ Ասում են մարդը բնության զավակն է և նրա պատճենը. հապա ինչո՞ւ այստեղ նա չի նմանվում իր ծնողին, ինչո՞ւ բնությունն այստեղ այնքան սիրուն է և մարդու հոգին այնքան տգեղ։

Քանի մոտենում էինք Կ․ Պոլսին, այնքան տեսարանն ավելի ու ավելի ընդարձակվում էր և այնքան իմ սիրտը ճնշվում։ Ահա և տիեզերքի մեծագույն չարագործի արյունոտ ապարանքը՝ Իլդիզ֊Քյոշքը, անարգ Դոլմա-Բախչեն, Չիրաղանն՝ իր այրված դռների ու լուսամուտների սև խորշերովդ հեռավոր Սթամբուլն իր սրածայր մինարեներով, սքանչելի մզկիթներով։ Վերջապես, ահա Բյուզանդիոնի թագուհին— Այա Սոֆիան իր ոսկեզօծ գմբեթով։

***

Շոգենավը դանդաղորեն մոտեցավ քաղաքին և կանգ առավ։

Անմիջապես տախտակամածը լցվեց դիմավորողներով։ Գոռում֊գոչյուններ և Արևելքում անխուսափելի հայհոյանքներ ու սպառնալիքներ մի տասնյակ լեզուներով։

Վայրկենաբար մեր ճամփարկղները չքացան։ Աղջիկս