Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս եղավ իմ առաջին տպավորությունը, երբ անցա նրա խորդուբորդերով չի և աղբակույտերով լեցուն պողոտաները, երբ տեսա նրա անոճ և անճաշակ տները, երբ մանավանդ զգացի նրա անտանելի գարշահոտությունը։

Բայց եթե գեղեցիկ չէ Կ. Պոլիսը, շահագրգիռ է հափշտակելու չափ։ Ոչ միայն իր պատմական հատուկտուր գանձերով, այլև իր ժամանակակից նկարագրով, իր բազմերանգ ազգաբնակության բարքուվարքերով և ինքնահատուկ գծերով։

***

Երբ հայ լրագիրներից հայտնվեր իմ Կ. Պոլիս գալը, այլևս ժամանակիս մեծ մասը իմը չէր։ Մի քանի պարտավորական այցեր և անթիվ հաճելի այցելուներ, որոնցից շատերի համակրելի կերպարը առմիշտ պիտի մնա իր հիշողության մեջ։

Մի օր, վերջապես, ժամանակ գտա Ստամբուլ գնալու։ Հարկավ, առաջին ցանկությունս էր տեսնել սուրբ Սոֆիայի տաճարը։ Չհաջողվեց։ Դռների առջև ցցված ոստիկանները անցագիր պահանջեցին։ Չունեինք, թողել էինք պանդոկում։ Հետո իմացանք, որ միևնույն է, անցագրով էլ չպիտի ներս թողնեին մեզ, որովհետև մուտքն արգելված էր հայերի և հույների համար։

Փույթ չէ, օրենքով չլինի, կգտնենք ապօրինի միջոց հռչակավոր տաճարը մտնելու համար։

— Իսկ առայժմ նայենք դրսից և գնանք Ստամբուլի փողոցները թափառելու,— ասացի ես աղջկանս և գնացինք։

Ինձ համար, որ ծնված եմ զուտ արևելյան քաղաքում և տեսել եմ նրա ինքնահատուկ բոլոր պատկերները, Ստամբուլը չէր կարող լինել ապշեցուցիչ, ինչպես եվրոպացու համար։ Այդ նեղ ու զառիվեր փողոցները, այդ մութ անցքերը, կեղտոտ քարվանսարաները, գեղեցիկ աղբյուրները և նրանց առջև խմբված ոտաբոբիկ աղջիկներն իրանց պղնձյա սափորներով, խանութների գունագեղ փորագրված փեղկերը, ջրկիր էշերը, իրանց փիլիսոփայական դեմքերով, բոժոժներով