Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բավական էր, որ մարդիկ, գիտնային, թե թրքուհիներ են. և արդեն նրանց երևակայությունը բորբոքվում էր և ստեղծում չեղած գեղեցկություններ։ Այնքա՜ն մեծ է սնոբիզմի ուժը։

Մի բան ինձ համար անակնկալ էր—ամոթխածության չքացումը թրքուհու մեջ երբ նա հանդիպում է քրիստոնյա տղամարդի։

Թրքուհու երեսը միշտ վարագուրված է ճերմակ ծակոտիկ քողով իր կրոնակցի առջև և հաճախ բաց՝ քրիստոնյա այրերի համար։ Երբ թրքուհին ապահով է, որ ոչ մոտիկից ու հեռվից մուսուլմանի խանդոտ աչքը չի լրտեսում իրան, անմիջապես քողն ընկնում է փողոցում նրա երեսից և նրա տարփելի կրծքի վրա իրարուց բաժանվում են սև «չարսավի» եզրերը, իբր թե պատահաբար։ Այն ժամանակ քրիստոնյա այրը կարող է, որքան կամենում է, հիանալ նրա մելամաղձոտ ու թավշամորթ դեմքով, որը մեծ մասամբ գունատ է, և նրա երկայն իրանով, որ չի ներդաշնակում նրա կարճ ոտներին։ Եվ թող նայողը վստահ լինի, որ հաճախ կարժանանա նրա սեղմ շրթունքների խրախուսիչ ժպտին ու նրա որոնող աչքերի հրահրող խաղին։

Պոլսահայերն այս համարձակությունը բացատրում են յուրովի։ Ասում են, իբր թե թրքուհին քրիստոնյա տղամարդուն մարդու տեղ չի դնում, արհամարհում է։ Բայց եթե մի կողմ դնենք թրքամոլ Լոտիի պարծենկոտ ու հնարամիտ արկածներն իսկ, այդ բացատրությունն ինձ թվում է բռնագբոսիկ։ Ես կարծում եմ, որ թուրք կինը հետաքրքրվում է քրիստոնյա տղամարդով ոչ պակաս, քան թուրք տղամարդը քրիստոնյա կնոջով։ ՉԷ որ արգելված պտուղը գայթակղեցուցիչ էլ լինի կա խնձոր թե դեղձ, և չէ՞ որ թրքուհին էլ Եվայի դուստրն է։ Վերջապես նա իր ամուսնու համար միակը չէ․․․

ՀԱՅԵՐԻ ՄԵՋ

Կ․ Պոլիս մտնելու հաջորդ օրից հաճույք ունեցա ինձ շրջապատված տեսնելու մի շարք համակրելի երիտասարդներով։