Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

օրվա պարենը վաստակելու համար ստիպված էր իր ամբողջ ժամանակը նվիրել լրագիրներին։

Լրագիրը խոշոր մտքի ուտիճն է։

Ցավում եմ, որ միայն մի անգամ պատեհություն ունեցա տեսնելու թրքահայ գրականության մի ուրիշ ներկայացուցչին՝ բանաստեղծ Վահան Թեքեյանին, այն էլ շատ կարճ միջոցով։ Չունեցա առիթ և ոչ մի վայրկյան հետն ընկերաբար խոսելու, որովհետև ստիպված էի պաշտոնական քող պահել երեսիս վրա ի պատիվ ինձ տրված թեյասեղանին՝ Հայկական Ակումբում մի պատկառելի և զուսպ ընկերության մեջ։ Այնտեղ էր, որ հանդիպեցի Թեքեյանին։

Տեսա Սուրեն Պարթևյանին, որ թուրքահայ անվանի գրողներից մեկն էր։ Նա տվեց ինձ կարդալու իր նոր գրած երկու թատերական երկերը, որ պիտի խաղացվեին։ Կար մի ծանր միտք, որ այդ մարդուն հալածում էր, դարձնելով նրան լռակյաց և մտախոհ։ Նա թափառում էր քաղաքից քաղաք իր սրտի ընտրյալի հետ, ինչպես բնից արտաքսված թռչուն։ Եվ ոչ մի տեղ հանգիստ չէր գտնում անհանգիստ լեզուների բամբասանքներից..․

Ռուսահայերը մի քիչ թյուր գաղափար ունին Կ. Պոլսի հայության մասին։ Տարիների ընթացքում Թիֆլիսի գրողները, սկսած դյուրաբորբոք Գրիգոր Արծրունու «Մշակ»-ից, իրանց ականջներն ընտելացրել են «հոսհոս» ածականին։ Իմաստակներն այսօր էլ երբեմն կրկնում են այդ բառն առանց խղճի խայթի։

Եթե «հոսհոս» նշանակում է թեթևամիտ, հապա ես ի սեր ազգիս կփափագեի Թիֆլիսի և Բաքվի հայությունը տեսնել այնքան թեթևամիտ, որքան Կ. Պոլսի հայությունը։ Արդյո՞ք պոլսահայը հոսհոս է այն պատճառով, որ իր մայրենի լեզուն խոսում է այնքան մաքուր, այնքան գեղեցիկ, գիտենալով միաժամանակ մեկից ավելի եվրոպական լեզուներ։ Իսկ ռուսահայը խելամիտ է և ծանրաբարո է, որովհետև չգիտնալով

[1]

  1. Այս տողերը գրած էի, երբ լրագիրներում կարդացի Սուրեն Պարթևյանի մահվան լուրը։ Ցավալի կորուստ մի շնորհալի հրապարակախոսի և ավելի շնորհալի հռետորի։ Շիրվ․։