Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այսինքն՝ գիտե ոչ միայն խոսել, այլև լսել, իսկ լսելը մի մեծ և հազվագյուտ արժանավորություն է, առհասարակ, կին էակի համար։

Բանաստեղծ է պոլսուհին թե տնտեսագետ, սալոնի զարդ թե խոհանոցի կամ կարուձևի վարպետ, հասարակական գործիչ է թե վարժուհի, հարուստ է թե ոչ, գիտե հարգել դիմացինի ներքին աշխարհը և ամոթխածորեն ու համեստությամբ դիմադրել նրան, եթե համաձայն չէ նրա գաղափարներին։ Նա երբեք իր ցուցամատը չի բարձրացնի մանկավարժորեն և ձեզ խրատներ չի կարդա, ինչպես այդ անում է ռուսահայ «ինտելիգենտ» կինը, երբ նա դպրոցի տեսչուհի է կամ «հասարակկական գործիչ» և կամ համբերատար լրագիրներին «հոդվածներ» մատակարարող, մանավանդ երբ նրա տարիքն անցել է քառասնից.․․

***

Շատ էի լսել պոլսուհու գեղեցկության մասին գովասանքներ։ Բնական է, որ փնտրեի այդ գեղեցկությունը։ Մեղքը պոլսուհունը չէ, որ ես մի փոքր հիասթափվեցի։ Հռչակը ձյունի գունդ է, որքան հեռու է թավալում, այնքան մեծանում է։ Ե՞րբ է իրականությունը վավերացրել երեվակայության թռիչքը։ Նյու֊Յորքի «երկինք քերողներն» ինձ այնքան բարձր չերևցան, որքան լսել էի ու երևակայել։ Երկրագնդի վրա գուցե միայն Նիագարայի ջրվեժն է, որի հռչակը շատ վար է իր իրական հզորությունից։

Թոքաթլյանի սեղանատանը մի օր տեսա երկու գեղանիներ։ Հայերեն էին խոսում, հետևաբար հայուհիներ էին։ Մեկը սևահեր էր, սևաչյա, ժպտուն, կրակոտ, մյուսը՝ խարտյաշ, կապտաչյա, ցնորական հուր և լույս։ Բայց ըստ երևույթին պոլսուհիներ չէին, այլ ճամփորդներ։

Հրավիրված էի այցելելու հայ կանանց «Կարմիր Խաչի» հիվանդանոցը։ Գնացի պտտեցի բլոր սենյակները։ Տեսա մայրական հոգացողություն փախստական թշվառների վերաբերմամբ՝ հայտնի գերդաստանների տիկինների և օրիորդների կողմից։Տեսա տասնյակ երիտասարդ բժիշկների