Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կայտառ էր։ Ոչ պակաս տեսա նրա հասակակից հայտնի ֆրանս-հայկական բառարանի կազմիչ Մեսրոբ Նուբարյանին, որ այսօր էլ շարունակում է աշխատել։

***

Իր ընդհանուր գծերով հայ գերդաստանն Իզմիրում գրեթե նույնն է, ինչ որ Կ. Պոլսում, այն տարբերությամբ սակայն, որ ավելի պարզ է, եթե չասեմ, ավելի նահապետական։ Այս տեսակետից կատարելատիպ կարող եմ համարել Ազնավորյանների ընտանիքը, որ, եվրոպական լավը յուրացնելով հանդերձ, պահպանել է հայ ցեղի ընտիր հատկանիշը՝ համեստությունը։

Կան, իհարկե, և՛ այլասերված հայեր, որոնք, ինչպես և ամենուրեք, ունիեն կույր սեր դեպի ամեն ինչ, որ օտար է։ Երբեմն այդ սերը հասնում է ծիծաղելի չափերի։ Փողոցներում ու կաֆեներում հանդիպում էի երիտասարդների, որոնք իրենց հագնվելու ձևով, քայլվածքով ու շարժումներով հերոսական ճիգեր էին անում նմանվելու անգլիացու կամ ամերիկացու։ Եվ, իհարկե, նմանվում էին․․․

Ես հրավիրված էի մի ընտանիքի երեկույթի։ Այնտեղ տեսա կատարյալ բաբելոնյան մի քաոս։

Կան ընտանիքներ, որ հրավիրում են իրենց հարկի տակ առանց խտրության ամենքին, որ կրում է ֆրանսիացի, իտալացի, անգլիացի կամ ամերիկացի անունը։

Հայտնի է, որ այժմ Արևելքում եվրոպական ընտիր տարրերի հետ կան և բազմաթիվ արկածախնդիրներ։ Պատերազմն ամենուրեք շատ հասարակական տականքներ է հատակից երես ձգել։ Եվ ահա Եվրոպան, մանավանդ Անգլիան, մարդկանց պակասության պատճառով մեծ մասամբ այդ տականքներն է ուղարկում Արևելք։ Ի՞նչ փույթ, որ նրանք այնտեղ պիտի բնականաբար գործադրեն իրենց վատթար բնազդները։ «Վայրենի» ասիացիների վերաբերմամբ ներելի է ամեն ինչ։

Մի ընտանիքում ես ծանոթացա մի քնքուշ հայուհու հետ։ Նրա սիրուն դեմքը սքողված էր թանձր մռայլությամբ։