ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆԻ ՎՐԱ
Մի օր առաջ Զմյուռնայից դուրս եկած իտալական «Ваron Gall) շոգենավը կանգ առավ Ռոդոս կղզու դեմ, ափերից բավական հեռու։ Մի թեթև մակույկ վարձելով, աղջկանս հետ գնացինք կղզին դիտելու։ Երբ վերադարձանք շոգենավ, հանդիպեցինք ճամփորդների մի նոր խմբի։ Դա մի թուրք ընտանիք էր, բաղկացած հինգ հոգուց։
Մայրը շիկահեր էր, կապտաչյա, տակավին թարմ ու գեղեցիկ։ Մեծ աղջիկը կլիներ ոչ ավելի քան տասնութ տարեկան։ Նա էլ կապտաչյա էր, բայց սևահեր։ Մյուս երկու աղջիկները կատարյալ արևելյան տիպեր էին՝ սևաչյա և թխադեմ։ Ամենից փոքրը իր մորը շատ նման մի ութ֊ինը տարեկան գեղեցիկ պատանի էր։
Առաջին իսկ ժամին ամենքս ծանոթացանք նորեկների հետ և մինչև նավի տեղից շարժվելը մի աստիճան բարեկամացանք, ինչպես առհասարակ լինում է ծովային ճամփորդության ժամանակ։ Կյանքումս առաջին անգամն էի ճամփորդում մի թուրք ընտանիքի հետ, որ չէր խուսափում քրիստոնյա տղամարդու ծանոթությունից և ընդհակառակը, կարծես, ցանկանում էր այդ ծանոթությունը։
Մայրը, ինչպես շուտով իմացանք, այրի էր, բացի թուրքերենից ուրիշ լեզու չգիտեր, իսկ օրիորդները բավական ազատ խոսում էին ֆրանսերեն և իտալերեն։ Սալոն մտնելու