Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Է տվել իրենց նամակների մեջ նրան «մայրաքաղաք» անվանել։

Իսկ այժմ նախկին թագավորական այդ ապաստարանը ներկայացնում է մի ողորմելի տեսարան, այսինքն մեր Գուգարքի աղքատ գյուղակներից։ Մի փոքրիկ կտոր հողի վրա այս ու այն կողմում սփռված են մի քանի տասնյակ խրճիթներ, որոնց շատերի կտուրները հավասար են գետնի հետ — ահա այժմյան Հաղբատը, այն Հաղբատը, որ մի ժամանակ Լևոն Երրորդ արքայի գովասանքին է արժանացել։

Մենք բարձրացանք դեպի վեր, ուր բխում է սուրբ Լույս լեռան կրծքից 13 դարում հայր Հովհաննեսի բերած աղբյուրը և ուր գտնվում է գյուղի հնավանդ գերեզմանատունը։ Այստեղից Հաղբատը իր շրջակա լեռներով, ժայռերով և խորին ձորերով երևում է մարդու առջև ինչպես ձեռի ափի մեջ։ Ահա ձախ կողմում, վանքից դեպի արևելք, տարածված է «Աղթանց փոսը»։ Ինչպես Խրամաձորը, երկու լեռների մեջ սեղմված Աղթանց փոսն ևս պատմական նշանավոր դեպքերի հիշատակներ ունի թաքցրած իր մեջ։ Ավանդապահ ծերունիներից այժմ ևս կարելի է լսել այդ դեպքերի պատմությունը։ Տասնուչորսերորդ դարի ասիական ճիվաղը, Լենկ-Թեմուրը, քրիստոնեության այդ վայրագ թշնամին, ոտնատակ անելով ամբողջ Հայաստանը, լեռնային ճանապարհներով հասնում է Հաղբատի սահմանը։ Կարծես, երդված լինելով կործանել ամեն ինչ, որ քրիստոնեական է, նա իր զորքերով կրկին և կրկին փորձում է հիմնահատակ անել Հաղբատը, կոտորել բնակիչներին, կործանել միաբանությունը։ Եվ այս նպատակով նա գալիս և հասնում է մինչև Աղթանց փոսը։ Սարսափը տիրում է բոլոր գյուղերին, սարսափում են և վանքի միաբանները, թե՝ իրենց անձի և թե այն քրիստոնեական սրբությունների համար, որ ավանդաբար նրանք պահպանում էին։ Վերջին հուսահատության մեջ նրանք դիմում են Տրդատի օրերում Հռիփսիմե կույսի Հայաստան բերած կենսատու Փայտի մասի — ս. Նշանի օգնության։ Նրանք զգեստավորվում են, վերցնում են ս. Նշանը և հանդիսավոր թափորով դիմում են դեպի թշնամին, հուսալով, որ այս թատերական խազով մեղմացնեն նրա գոռոզ սիրտը։ Հավատը փրկող է