Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տեսնո՞ւմ եք մինչև որտեղ է հասել հայ մարդու ոտքը, — պատասխանում է վարդապետը ազգասիրական ոգևորությամբ։

Չգիտեմ հասե՞լ է արդյոք հայի ոտքը մինչև Կիպրոս, թե՞ դա պատմական առասպելներից մեկն է. գիտեմ, որ այդ կղզին հայի արնագինն է անգլիացիներին տրված։ Անցյալ դարի ռուս-թուրքական պատերազմից հետո Անգլիան Բեռլինի վեհաժողովում, Թուրքիային Ռուսաստանի պահանջների դեմ պաշտպանելով, ծովը նետեց հայկական կոչված դատը և իբրև վարձ ստացավ Կիպրոսը ջլատվող Թուրքիայից։ Մի ամբողջ երկիր, որի երկարությունը երկու հարյուր, իսկ լայնությունը մոտ ութսուն կիլոմետր է։

Կիպրոսը քարտեզի վրա ունի փղի գլխի ձև։ Նրա կնճիթը ցցված է դեպի Ալեքսանդրետտի ծովածոցը, իսկ ծոծրակը նայում է Կրետե կղզին։

Մեր շոգենավը կանգ առավ Լիմնոսո նավահանգստի առջև — ափերից շատ հեռու։ Ծովի երեսին երևացին գինու տակառների երկայն շարքերը, պարաններով իրարու միացրած։ Ափից շոգենավ փոխադրելու սրամիտ միջոց. մի փոքրիկ մակույկ երկու թիավարներով քարշ է տալիս իր հետևից հարյուրավոր տակառներ։

Հունվարի վերջն է, բայց եղանակն այնքան ջերմ է, որ մարդ առանց վերարկուի անգամ շոգում էր։ Շոգենավը սուլեց և շարժվեց։ Ահա երևացին Տավրոսի լեռները, առջևի շարքը վարդագույն, հետևինը՝ ձյունապատ։ Իր իրիկնադեմին մտանք Մերսինի լայնածավալ ծոցը։ Շոգենավը կանգ առավ դարձյալ ափերից հեռու և ավելի հեռու, քան որևէ տեղ։ Մերսինի ծոցը, շատ ընդարձակ լինելով, որպես նավահանգիստ անբարեկարգ է։ Այդտեղ Միջերկրականը միշտ փոթորիկալի է։ Մեր գալուց երկու շաբաթ առաջ եղել էր մի մեծ փոֆորիկ, տասնուհինգ առագաստավոր նավեր էին ծովասույզ եղել, տանելով մի միլիոն ոսկու արժողությամբ ապրանքներ։

Հետևյալ առավոտ Մերսինից եկան մեր շոգենավը մի խումբ հայեր և ինձ ու Մարգարիտին հրավիրեցին քաղաք։ Գնացինք։ ճաշից առաջ մեկուկես ժամվա պտույտը քաղաքի միակ օթոմոբիլով բավական էր, որ տեսնեինք Մերսինն իր շրջակայքով։