Պորտ֊Սաիգին։ Գիշերն անցուցինք նավահանգստում, ուսկից սկսվում է Սուեզի հռչակավոր ջրանցքը, որ միացնում է Միջերկրականը Կարմիր ծովի հետ։ Մի զմայլելի պանորամ է ներկայացնում նավահանգիստը գիշերվա լույսերով։ Դա մի երկրորդ Վենետիկ է և կարող եմ ասել ավելի գեղեցիկ իր հսկայական նավերի անվերջ երթևեկով ու անթիվ շոգեմակույկների գույնզգույն լապտերներով ու մանավանդ իր վիթխարի պրոժեկտորներով, որոնք լույս են ձգում ջրանցքի վրա ավելի քան 20 կիլոմետր տարածությամբ։
Տասնևյոթ օր ու գիշեր Միջերկրականի ամբողջ երկայնությունը կտրելով, 19-րդ օրը հասանք Ալեքսանդրիա և մտանք փարավոնների աշխարհը։
Լամիյեի մայրը փափագ հայտնեց իջևանել մեզ մոտ՝ միևնույն հյուրանոցում։
ԵԳԻՊՏՈՍՈԻՄ
Ինձ ասել էին, որ չնայած ձմեռվա կեսին, Ալեքսանդրիա մտնելուս պես ստիպված պիտի լինեմ վերարկուս դեն ձգել։ Այդպես չեղավ. մառախուղ, անձրև, թափանցող ցուրտ. ահա ինչ տեսա առաջին օրերը։ Ճշմարիտ է, ամենքը պնդում էին, որ դա մի բացառիկ ձմեռ է Եգիպտոսի համար, բայց չեմ կարծում, որ այդ բառացությունը հատկապես ինձ համար էր պատրաստված։ Անտարակույս եղել են և ուրիշ նման ձմեռներ։
Մի քանի պարտավորական այցելություններ, և այնուհետև ես այլևս իմ ժամանակի տերն էի։ Ստացա հրավեր Կահիրե գնալու, բայց նախ պետք է քիչ թե շատ ծանոթանա, Ալեքսանդրիային։
Գեղեցիկ և կատարյալ եվրոպական մի ծովափնյա քաղաք, շքեղ հոյակապ տներով, լայն, հարթ և հարմար սալահատակված փողոցներով։ Սակայն քաղաքի միայն ծովափնյա մասն է այդպես, մյուս մասերը խորին Ասիա, նեղ ու կեղտոտ պողոտաներով, խարխուլ տներով։ Մի տարօրինակ հակապատկեր ես նկատում, տեսնելով քաղաքի եվրոպական արվարձանում արաբ կանանց իրենց ճերմակ չադրաներով,