Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նավը, և ահա այդ նյութից և այդ ղպտիի ձեռքով է կառուցված առաջին մահմեդական մզկիթը։ Եգիպտոսի և Սպանիայի բոլոր արաբ հրաշակերտների կառուցման մեջ ղեկավար դերը ղպտի ճարտարապետներին է պատկանում։ Եվ այժմ այդ տաղանդավոր ազգի զավակները սոսկ պահապաններ են Կահիրեի և Լյուքսորի թանգարաններում։

Երբ ասում են, որ անգլիացիները կողոպտում են Եգիպտոսը, հավատացեք, որ այդ ճիշտ է։ Չկա մի պատմական անկյուն, որ նրանք ավերած չլինեն կողոպտելու նպատակով։ Բրիթիշ մուգեի ընդարձակ սենյակները լեցուն են Եգիպտոսից տարված թանկարժեք իրերով։ Միայն վերջին ժամ տնակները եգիպտական կառավարությունը խելքի եկավ և արգելեց նոր պեղումների արդյունքները երկրից դուրս տանել։

Լամիյեն օր-օրի վրա մոմի պես հալվում է։ Նայիլեն լալիս է նրա մասին խոսելիս։ Ջհանդաբ խանումը չափազանց մտազբաղ է։ Երևի նրան չի հաջողվում լիովին հաղթահարել իր դստեր կամքը։ Մայր ու զավակներ շարունակում են մեզ այցելել և մենք հաճախ միասին ենք թափառում, երբ Ալեքսանդրիայումն ենք։ Մոլեռանդ արաբները կատաղի հայացքներ են ձգում մեզ վրա, տեսնելով թրքուհիներին քրիստոնյա տղամարդի հետ։

Այցելեցինք Կահիրեի նշանավոր կենդանաբանական և բուսաբանական այգիները։ Մի բարձր ծառի մոտով անցնելիս, ինձ թվաց, որ լսում եմ բազմաթիվ մարդկային ձայներ և երգեհանության պես մի բան։ Նայեցի աջ ու ձախ, ոչինչ չտեսա։ Ձայները դադարեցին և փոքր-ինչ անցած նորեն կրկնվեցին։ Հայտնվեց, որ նրանք գալիս են այդ մոտ 20 մետր բարձրություն ունեցող ծառից։ Երբ մի թեթև հողմ է անցնում ծառի ճյուղերի միջով, նրա երկայն, բարակ, կլոր, ասեղնաձև տերևները, իրարու շփվելով, մի տեսակ նվագահանդեսի պատրանք են տալիս։ Չգիտեմ որ գրքում, ես վաղուց էի կարդացել այդ ծառի մասին։

[1]

  1. Տես ճարտարապետ Գալո Բալյանի «Արաբական արվեստը» գիրք Շիրվ․