Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օրիորդները բացակա էին։ Ոչ ոք չէր խանգարում մեր խոսակցությունը, և մենք վիճաբանում էինք երկարորեն։ Հարկավ, կրոնների տարբերության և դրանից առաջացող անհեթեթությունների մասին չէի խոսում։ Գիտեի, որ տասնյակ զրույցներով և հազարավոր փաստերով չէի կարող փոխել մի մուսուլման կնոջ դարավոր հավատամքը կամ նույնիսկ ազդել նրա վրա։ Ես խոսում էի միայն Լամիյեի օր-օրի վրա քայքայվող և հյուծվող առողջության մասին։ Այս էր իմ զորավոր զենքը։

— Դուք ինձ ասում էիք, որ Լամիյեն Եգիպտոսում կկազդուրվի ասացի ես,— այդ ես չեմ տեսնում։ Ընդհակառակը, ահա երկու ամիս է այստեղ ենք, և խեղճ աղջիկը նիհարել ու դժգունել է ավելի, քան էր ծովի վրա։

— Ես էլ եմ այդ նկատում,— արտասանեց այրին, խորը հառաչելով։

— Եվ այնուամենայնիվ դուք ուզում եք զոհել ձեր զավակին մի ծերունու քմահաճույքի՞ն։

— Փաշան ծեր չէ, հիսուն տարին տղամարդու համար ծերություն չէ։ Փաշան հարուստ է, նա խոշոր դիրք ունի սուլթանի մոտ, նա հարգված է ամենքից։

— Արաբները շուտ են թառամում։ Տասը տարուց հետո փաշան կզառամի և կանզորանա, այն ժամանակ, երբ Լամիյեն կլինի քսանևութ տարեկան։ Տարիների այս տարբերությունը սոսկալի է։ Կնոջ իսկական ցանկությունները ճիշտ երեսնին մոտենալիս են զարգանում։ Հիշեցեք ձեր անցյալը, և դուք կհասկանաք, թե ինչ եմ ուզում ասել։

Այլևս մի կողմ եմ ձգում սիրո և ատելության խնդիրը։ Այրին զգալի չափով ազդվեց իմ խոսքերից, լռեց, գլուխը թեքելով կրծքին և ապա մի վճռական շարժումն անելով, արտասանեց.

— Թողեք տեսնեմ, ալլահն ինչ ուզի, ցույց կտա ինձ։

Ես ոչինչ չավելացրի, թողնելով, որ իմ ձգած սերմն ամրանա նրա հոգու մեջ։

Շարունակում էինք թափառել մերթ Կահիրեի, մերթ Ալեքսանդրիայի փողոցները։ Լյուքսոր գնալու միջոցներ չունեի։ Իմ գրպանն անզոր էր այդ շքեղությունն ինձ տալու։