ՎԵԶՈԻՎԻ ԵՎ ՊՈՄՊԵՅ
Տրամվայը 15 րոպեում մեզ հասցրեց երկաթուղու կայարանը։ Այստեղ, առաջ ու ետ գալու երկու տոմսակների համար վճարելով 86 ֆրանկ, նստեցինք գնացք։ Պակաս քան մի ժամում նա մեզ հասցրեց Վեզուվիի ստորոտը։ Այստեղ նստեցինք լեռնային երկաթուղի կամ իրապես մի ֆունիքյուլեր, որ սկսեց դանդաղորեն բարձրանալ, լավայի սառած դերբուկներով դեպի վեր և վեր։ Աջ ու ձախ սփռված էին գեղեցիկ այգիներ խաղողի։ Աշխատավոր գյուղացու կոշտ ու կոպիտ ձեռքը սառած մետաղի վրա ձգել էր հունտը, և նա տալիս էր առատ պտուղ։ Որթենիների միջից երևում էր այդ ձեռքը իբրև մի կտրուկ սուր բնության դաժան կրծքին ցցված։
Որքան վեր ենք բարձրանում, այնքան վարը տեսարանը ընդարձակվում է և գեղեցկանում։ Այստեղից է, որ Նապոլին ցույց է տալիս իր ամբողջ փարթամությունը։ Շատ եմ տեսել բնության գեղեցիկ տեսարաններ, բայց այդպիսին՝ երբեք։ Բոսֆորը նույնչափ գեղեցիկ է, բայց ոչ այսքան հոյակապ։ Իրավունք ունի իտալացին ասելու. Napoli epoi more։ Մեռնելու մտադրություն չունեի իհարկե և ոչ էլ ծովն ընկնելու։ Ընգհակառակը, այստեղ է, որ մարդ ուզում է ապրիլ ու ապրիլ։
Վերելքը առաջին ֆունիքյուլերով տևեց մոտ մի ժամ։ Հետո անցանք երկրորդ ֆունիքյուլերը, որ սոսկալի թեք է և գրեթե ուղղահայաց։ Բարձրացանք նրանով մոտ 15 վայրկյան։ Երբ իջանք, մեզ դիմավորեց ուղեցույցների մի խումբ, վճարելով յուրաքանչյուրիս համար։ Անցանք այն նեղ ուղին, որ տանում է դեպի հրաբուխ, լեռան գագաթով։ Դեպի ձախ՝ բլուր, դեպի աջ՝ թեք զառիվայր՝ բաղկացած սառած լավայից։ Ուղին այնքան նեղ է, որ բավական է մի անզգույշ քայլ և մարդ կարող է գլորվել դեպի լավայի սև անդունդը։ Սպասիր։ Մարգարի՜տ, ո՛ւր ես վազում, — գոռում էի ես շարունակ, հազիվ կարողանալով հետևել աղջկանս։ Բայց այդ աղջիկը չգիտե, թե ինչ ասել է երկյուղ։ Բարեբախտաբար, ուղին երկար չէ, նա տևում է ընդամենը քառորդ ժամ։
10 Շիրվանզադե, երկերի ժողովածու, Հ. IX