Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Էր, որ իբրև զինվորական նախարար ստորագրել էր տխրահռչակ թիվ 1 հրամանը, և այդ հրամանն էր, որ ի միջի այլոց քայքայեց ռուս զորաբանակը Կովկասում. զորքերը հեռացան, թուրքերը մտան Կովկաս, ու հետևանքը եղավ Բաքվի ու Շամախու 20000 հայերի կոտորածը, որոնց թվում և 18 հոգի իմ ազգականներից։

Վատիկանից հետո առաջին տեղն են բռնում Կապիտոլիի թանգարանները։ Այստեղ է Պրաքսիտելի նշանավոր Վեներան, մերկ, ամոթխած. նա այնքան ռեալական է, որ երբ պահապանը պտտցրեց նրան պատվանդանի վրա, քովս կանգնած մի տիկին գոչեց.

— Նայեցե՛ք, պիտի խոսե, պիտի խոսե։

Հռոմ եղածս ժամանակ բանվոր դասակարգը շարժման մեջ էր։ Գրեթե ամեն օր տեղի էին ունենում ցույցեր փողոցներում և հրապարակների վրա։

Բանվոր ամբոխը, հետևելով կարմիր դրոշակներին, որոնցից մի քանիսի վրա նկարված էր Լենինը, աղաղակում էր․— Կեցցե՜ բոլշևիզմը, կորչի՜ բուրժուազիան։

Բանվորական արվարձաններում տների վրա կավիճով գրված էին նույն բառերը։

Այս շարժմանը մեծ նշանակություն էին տալիս, և շատերը համոզված էին, որ շուտով Իտալիայում ևս տեղի պիտի ունենա նույնը, ինչ որ Ռուսիայում։ Այն ժամանակ ֆաշիստների մասին խոսք չկար, բայց կառավարությունը ուներ 25000 կարաբիններ, կազմ ու պատրաստ հեղափոխությունը զսպելու համար։

Որքան Նապոլիում այրերն են աչքի ընկնում, նույնքան Հռոմում կանայք։ Գեղեցիկ են նրանք ընդհանուր առմամբ: Բարձրահասակ չեն, բայց, երբ աչքերդ սովորում են հունական կամ հռոմեական արձաններին, սիրում ես իտալուհու միջին հասակը և մտածում, որ կինը չպիտի լինի շատ էլ բարձրահասակ։ Հռոմի փողոցներում չի նկատվում այն լկտիությունը, որ այնքան ակնհայտ է Փարիզում։ Գոնե արտաքուստ թե՛ կանայք և թե՛ տղամարդիկ համեստ են համեմատաբար։