մյուս կողմը, տանելով իրանց հետ ինչ որ կարելի էր տանել։ Բավական էր, որ մի վայրկյան ձեռներս հեռացնեի պարանից և ինձ նույնպես պիտի տանեին։ Բարեբախտաբար, նավի երերումը չի ազդում ինձ վրա, ու ես չեմ հիշում, որ երբևէ իմ ստամոքսը տուժած լինի նրանից։ Իմ անհանգստությունը միայն հոգեկան էր, ուրեմն և ավելի սաստիկ։
Մահը չէր, որ ինձ սարսափեցնում էր (վաղուց է, որ ես նրան արհամարհում եմ), այլ իմ զավակի կյանքը և մանավանդ հայրենիքի հեռավորությունը։
Ճամփորդները թաքնվել էին սալոններում և իրանց խցիկներում։ Միայն մի քանի ինձ նման բնության չարիքին ու բարիքին խելառ սիրահարներ՝ տախտակամածի վրա բևեռված՝ դիտում էին տարերքների կատաղությունը։ Ըստ երևույթին նրանց տպավորությունը շատ խորն էր, վասնզի երբեմն մեկը կամ մյուսը նրանցից գոռում կամ աղաղակում էր։
Փոթորիկը տևեց կես օր։ Այնուհետև մառախուղը սկսեց նոսրանալ և հետզհետե չքանալ։ Երկինքը պարզվեց. այնտեղ ամպերի և ոչ մի կույտ. կարծես ոչինչ չի պատահել, կարծես կատարվածը մի տարերային տեսարան էր, եկավ ու գնաց։ Ճամփորդների բազմությունը, որ այնպես լռիկ ու մնջիկ թաքնվել էր իր խցիկներում, դուրս թափվեց։ Կանայք ծիծաղում ու քրքջում էին, իսկ տղամարդիկ աշխատում էին ցույց տալ, թե փոթորիկը բնավ չի անհանգստացրել նրանց։ Ճաշի ժամանակ սեղանատունը կեսի չափ դատարկ էր։ Նապոլիից մինչև Նյու֊Ցորք մեր ճամփորդությունը տևեց 18 օր։ Երբ հեռավոր հորիզոնի վրա աղոտ նկատվեցին Ամերիկայի ափերը, ճամփորդներին տիրեց ուրախություն, իսկ ինձ թվաց, որ երազումս եմ։ Չէ՞ որ Ամերիկան տեսնելը եղել է իմ լավագույն երազներից մեկը։
Ահա՜ վերջապես։