Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և դանսինգները միշտ լեցուն։ Բոլոր խոշոր սինեմաների առջև, ամեն երեկո տեսնում եք հաճախորդների ահագին բազմություն, որ գառնուկային համբերությամբ սպասում է իր հերթին։ Սինեմաների թիվն է Ամերիկայում 50000 և ոչ մեկը նրանցից չի կարող գանգատվել։ Որքան արկածալի է սյուժեն, նույնքան հետաքրքրական է ամերիկացու համար։ Ի՞նչ փույթ նրան, որ սինեմայի նյութը հաճախ անբնական է, նրա նյարդերի վրա են շահում իրենց միլիոնները չառլի չապլնները, ֆաթիները և մերի պիկֆորգները, այն ժամանակ, երբ Անգլիայից եկած թատերական դերասանները չնչին գումարներով են բավականանում։

Սխալ է կարծել, թե ամերիկացուն կարելի է զարմացնեք Եվրոպայից եկած որևէ նորությամբ։ Ամերիկացին միշտ հետաքրքրվում է, բայց երբեք չի զարմանում։ Ինչ հրաշք ևս կատարվի բեմի վրա, ամերիկացին չի հափշտակվի, կնայե և և միայն կասե՝ «օլռայթ:»»

Շատ էի լսել ու կարդացել Նյու-Յորքի չինական արվարձանի մասին։ Երևակայությանս մեջ դա սոսկալի ոճիրների մի աշխարհ էր։ Կարդացել էի, որ այնտեղ անհետացել են շատ ճամփորդներ։ Մի գիշեր մի հյուրընկալ հայ հրավիրեց ինձ այնտեղ։ Գնացինք հեռո՜ւ, հեռո՜ւ, նեղ ու կեղտոտ փողոցներ, ամբոխային ճաշարաններ, գիշերային իջևաններ մուրացկանների համար։

— Բայց ո՞ւր են ոճրագործ չինացիք,— հարցրի ես ուղեկցիս։

— Չինացի՞ք, ահա նրանք,— ասաց նա, ցույց տալով պատերի տակ կուչ եկած մի քանի ողորմելի պատկերներ։ — Դրա՞նք են հռչակավոր ոճրագործները։ — Ոչ, դրանք անմեղ աշխատավորներ են, կիսամերկ, կիսակուշտ. ոճրագործներ չկան։ Այո, մի ժամանակ եղել են այստեղ չինական թեյարաններ, ուր և արդարև կատարվել են մի քանի ոճիրներ․ այժմ կառավարությունը փակել է այդ թեյարանները։

Հետաքրքրական ոչինչ չկար։ Մենք վերադարձանք։