Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սակայն, աշակերտական վիճակից դենը չեն անցնում։ Թե երեկույթները և թե ներկայացումները միշտ լեցուն են հանդիսականներով. կանայք գալիս են ծծկեր երեխաների հետ, որոնք, հարկավ, նույնպես մասնակցում են նվագին և երգերին։ Չպիտի վրդովել. գործավոր ընտանիքներ չեն, չունին աղախին կամ դայակ, որոնց հանձնեին իրանց փոքրիկներին։

Կլուբները մաքրության կողմից անգոսնելի չեն։ Սրահի հատակը միշտ լեցվում է ծխախոտի մնացորդով։ Հաճախորդները նստում են գլխարկներով ու վերարկուներով, խոսում և վիճաբանում են բարձրաձայն՝ խանգարելով ընթերցարանի անդորրությունը։ Յուրաքանչյուր կլուբի քննադատությունը, մյուս կուսակցությունների վերաբերմամբ, վերին աստիճանի ծայրահեղ է։

Նյու-Յորքի հարուստ դասակարգը չի այցելում կուսակցական կլուբները։ Նա աշխատում է խուսափել նույնիսկ երեկույթներից և ներկայացումներից։ Ապրում են այդ հարուստները առանձնակի, յուրաքանչյուրն իր ճաշակով։ Չեմ կարծում, որ այդ ճաշակը շատ էլ նրբացած լինի։ Մտավորապես նրանք տակավին հեռու են քաղաքակրթությունից՝ եվրոպական իմաստով, դոլլարն է միայն, որ կազմում է նրանց գոյության Ալֆան ու Օմեգան։ Եվ պետք է ասել, որ այս տեսակետից նրանք բավական հառաջադիմել են։ Կան անուններ, որոնց հետ կապված է միլիոնների վարկ, բայց այդ ինձ շատ էլ չի ուրախացնում։ Կատարվում է այստեղ նույնը, ինչ որ մի ժամանակ Մոսկվայի և Պետերբուրգի հայ գաղութների մեջ. որքան լեցվում է հայ հարուստի գրպանը, նույնքան դատարկվում է նրա սիրտը և նույնքան նրա հոգին հեռանում է հայրենիքից։ Հարկավ, երբ սիրտը դատարկ է, գլուխը չի կարող լեցուն համարվիլ։ Կան հարուստներ Նյու֊Յորքում և Բոստոնում, որոնց պիտի կորած համարել ազգային տեսակետից, չնայելով նրանց երբեմնակի շպրտած գումարներին «ազգի համար։ Ես ծանոթացա մի քանի հարուստների հետ, որոնց զավակները և ոչ մի բառ գիտեին հայերեն։ Կուսակցական խտրությունը երբեմն զվարճալի է ամերիկահայության մեջ։ Այսպես, օրինակ, երբ մի անծանոթ