Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նիագարայի առջև, և ամենահանճարեղ վրձինը պետք է խոստովանի իր անզորությունը։

Մի երկայն երկաթե կամուրջ Նյու-Յորքի նահանգը կապում է Կանադայի հետ։ Վճարելով պահապանին մի որոշ գումար, անցանք Կանադայի կողմը։ Այստեղից է, որ դուք տեսնում եք երկու ջրվեժները միաժամանակ։ Տպավորությունը ավելի զորեղ է։ Գիշերը այստեղից աշխարհի մեծագույն պրոժեքտորը լուսավորում է ջրվեժները։ Բայց որքան ևս զորեղ լինի նրա լույսը, չի կարող թափանցել այն քաոսը, որ տիրում է վարը։

Նիագարայի ջրվեժի մի մասը շահագործվում է իբրև, մղիչ ուժ։ Մի վայրկյանում նա թափում է 200 հազար խորանարդ ոտնաչափ ջուր, այսինքն՝ մի րոպեում 12 միլիոն։ Այս քանակության մի 8-րդ մասն է շահագործվում։ Առաջարկողներ են եղել ամբողջ ջրվեժների ուժը շահագործել է բայց կառավարությունները տատանվում են թույլ տալու, վախենալով, որ ջրվեժները կզրկվեն իրանց գեղեցկությունից։

Եղել են հանդուգն մարդիկ, որ՝ տակառի մեջ մտնելով, թավալվել են այս կամ այն ջրվեժից վար։ Ճիշտ մեր գալուց մի երկու օր առաջ, մի անգլիացի սափրիչ, Ստիֆնս անունով, կամեցել էր նույն փորձն անել. նա շինել էր տվել մի փայտյա տակառ, երկաթյա օղակներով։ Երբ այդ տակառը տեսնում է մի ամերիկացի, որ նույն փորձն արել էր հաջողությամբ․ ասում է սափրիչին.

— Բարեկամս, այդ տակառով դու չես կարող անցնիլ, պետք է մի ուրիշը շինել տաս, ամբողջովին պողպատից։

Անգլիացին արհամարհանքով ժպտում է և իր ընկերոջը հանձնում է իր ամուսնու անունով հետևյալ հեռագիրը. «Ջրվեժն անցա հաջողությամբ, շնորհավորիր ինձ»։ Նա նավակից մտնում է տակառի մեջ, որ մի քանի վայրկյան միայն երևում է ջրերի վրա։ Ես այնտեղ էի, որ տակավին փնտրում էին թշվառ սափրիչի դիակը, ոչինչ գտան, բացի տակառի մի քանի բեկորներից։

Մի ուրիշ դժբախտ դեպք պատահեց նույն օրերը։ Յոթը ճամփորդներ ջրվեժի տակով անցնելու ժամանակ ժայռի մի