գիշերողի համար։ Անկողինները մաքուր են, սավանները փոխվում են ամեն օր, բարձերի շապիկները նույնպես։ Գնացքները չափազանց երկայն են, այնպես որ բավական ճամփորդություն է հարկավոր մինչև սեղանատուն հասնիլը։ Գնացքի ետևում կա առանձին մի վագոն՝ առանց տանիքի։ Նախաճաշից հետո ճամփորդները անցնում են այդտեղ ծխելու, կամ, շքեղ բազկաթոռների վրա նստած, դիտելու աջ ու ձախ բնությունը։
Չեմ կարող ասել, որ այդ ուղին Կովկասի հարուստ բնությանը ընտելացած աչքի համար ներկայացնե գրավիչ տեսարաններ։ Չիկագոյից մինչև Օգտն բնությունը չոր ու ցամաք է։ Չկան ո՛չ անտառ, ո՛չ ձորեր և ո՛չ էլ Կովկասի հսկայական ժայռերը։ Գնացքը որքան հիշում եմ, մոտ 4—5 ժամ, անցավ մի լճի միջով։ Երրորդ օրը միայն երևացին գեղեցիկ տեսարաններ, երբ մտանք ոսկեհանքերի շրջանը։ Անտառազարդ լեռներ, ծաղկազարդ ձորեր, բայց այստեղ ևս Կովկասը կարող է պարծենալ յուր առավելությամբ։
Ձորերի մեջ, գնացքը ձյունից, փոթորիկներից պաշտպանված է, աջ ու ձախ շինված բարձր փայտյա ցանկապատներով, որոնց երկայնությունը մի քանի հարյուր կիլոմետր է։ Կալիֆոռնիայի լեռները, չլինելով այնքան բարձր, որքան Կովկասի լեռները, չունին և նրանց մռայլությունը։ Այստեղ նրանք իրարու չեն գրկում, ինչպես Բորժոմի հովիտում, և չեն գոյացնում մթին ձորեր։ Այստեղ մարդու հոգին չի ճնշվում, զգացումները չեն խեղդվում։ Այստեղ շնչում ես ազատ։ Ամեն տեղ լեռները ծածկված են նորեկ ձյունով։ Անթառամ նոճիների և եղևնիների մուգ կանաչը, ձյուների ադամանդյա փայլը և ձորերի դեղնությունը միախառնվելով, ներկայացնում են ներկերի սքանչելի ներդաշնակություն։ Ահա այստեղ գործ ունի նկարչի վրձինը և թող նա երբեք չհանդգնի թափանցել Նիագարայի քաոսը։
Անգլերեն չգիտենալս բնավ ինձ չէր նեղում։ ժամերով, լուռ գիտում էի անվրդով և ծանրաբարո ամերիկացիների խոհունը և ուսումնասիրում նրանց շարժումներն ու ձևերը։ Իմ մտքին նրանք տալիս էին առատ նյութ։ Գուցե հարյուր ժամվա ընթացքում, մի վայրկյան ևս չձանձրանայի, եթե