Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ես Ֆրեզնոյի հային տեսա ավելի զվարթ և ավելի լավատես, քան այլուր Ամերիկայում։ Գուցե մեղմ ու ժպտուն բնությունն է տալիս նրան այդ զվարթությունը։

Արդարև բնությունը Ֆրեզնոյում միշտ ծիծաղկոտ տեսա ես, չնայելով աշնան եղանակին։ Հիանալի են դաշտերը, ուր հսկայական տրակտորները շարունակ փորում են պտղաբեր հողի հունձքը։ Ճամփաները դեպի ագարակները որքա՜ն հարթ են, որքան հարմար անթիվ օթոմոբիլների երթևեկի համար։ Շատ տեղեր նրանք երիզավորված են վիթխարի արմավենիներով։ Հիսուն հազար բնակիչ ունեցող Ֆրեզնոն ունի 20000 օթոմոբիլ։ Քաղաքի լայն փողոցները լեցուն են նրանցով։ Հայաստանի գյուղացին այստեղ այնքան հղփացել է, որ տասը քայլ չի անում առանց օթոմոբիլի։

Ֆրենզոյում ես հանդիպեցի և մի քանի ռուսահայ ընտանիքների՝ Ալեքսանդրապոլից։ Հյուրասիրվելով մի քանիսի մոտ, ես տեսա կովկասյան նահապետական նիստուկացը յուր ամբողջությամբ։

Ամենքը Ֆրենզոյում ուրախ են, զվարճասեր և հյուրընկալ։ Շատ֊շատերն են պաշտում ոգելից ըմպելիքները, հարկավ դուրս չգալով չափավորության սահմանից։ Ամերիկյան օրենքը այս դեպքում բնավ չի խանգարում նրանց։ Մի ամսվա ընթացքում ես չտեսա սեղան առանց ոգելից ըմպելիքների։ Այս տեսակետից ոստիկանությունը բավական ծառայություն է մատուցանում խմել սիրողներին։ Այսպես, օրինակ, ես այնտեղ էի, երբ մի ուշ գիշեր երկու ոստիկաններ զարկեցին Պոլ Մովսիսյանի դռները և առաջարկեցին երկու արկղ ուիսքի։ Պոլը գնեց։

Ֆրեզնոյում նույնպես այցելեցի բոլոր հայ խմբագրությունները, բայց իմ ամենօրյա ժամադրավայրն եղավ «Ասպարեզ» լրագիրը։ Հաճույքով եմ հիշում իմ այդտեղ անցուցած ժամերը։ Հիշում եմ նրա երիտասարդ ու վառվռուն խմբագիր Ասատուր Խտրյանի տաք վիճաբանությունները իր ընկերների հետ։ Հիշում եմ Ավետիս Թյուֆենքչյանի կատաղի հարձակումները մարդկային կեղծիքի և փարիսեցիության դեմ։

«Ասպարեզ»֊ի խմբագրատունը միշտ լեցուն էր