Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արդյունաբերությո՞ւն։ Ոչինչ և ոչինչ։ Արդ պետք է մեռնի այդ ազգը, եթե միայն կարելի է նրան կոչել ազգ։ Եվ թո՛ղ թույլ հոգիները չշփոթվեն այսօրվա մուսթաքեմալյան Տաճկաստանի հոխորտումներից։

Մի ամիս մնացի Ֆրեզնոյում և դա եղավ Ամերիկայում անցուցած ժամանակիս լավագույնը։

Ստացա հրավերներ Սան-Ֆրանցիսկոյից և Լոս֊Անջելոսից, այցելելու այնտեղերի հայությունը։ Դժբախտաբար, ոչ միջոցներս և ոչ ժամանակս ներեցին այդ սիրալիր հրավերներից օգտվելու։ Առանց այդ էլ նյութական նեղությունը ինձ ճնշում էր։ Եվ չգիտեմ ինչպես պիտի ազատվեի այդ ճնշումից, եթե ժամանակին ինձ նպաստած չլինեին պ.պ. Գարակյոզյան, Չիպուգ, Գարտաշյան և ուրիշներ։

ՀԱՐՖՈՒՐՏՈՒՄ

Կալիֆոռնիա գնալուցս առաջ հրավեր ունեի Հարֆուրտից։ Այդտեղ ևս կազմակերպվել էր մի ներկայացում տեղական թատերասերների կողմից։ Դա մի փոքր քաղաք է։ Ֆրեզնոն հայտնի է յուր արդյունաբերությամբ, Հարֆուրտը հայտնի է յուր բանկերով և յուր համալսարանով։ Նա ունի ընդամենը, որքան հիշում եմ, 150000 բնակիչ. ունի մի գեղեցիկ պարկ և մի գեղեցիկ քաղաքային շինություն, որ «Կապիտալ» է կոչվում․ այդտեղ ես տեսա Վաշինգտոնի հոյակապ արձանը ձիու վրա։

Սիրում էի ժամերով նստել, զբոսնել այդ պարտիզում որ գրեթե միշտ ամայի էր ցերեկը։ Գործնական ամերիկացիները միայն երեկոները, ճաշից առաջ, ուեին մի ժամ ազատ, զբոսնելու իրանց ընտանիքների հետ։

Ամերիկյան քաղաքները ընդհանուր առմամբ ձանձրալի են անգործ ճամփորդի համար։ Այդտեղ դուք զուր կփնտրեք Փարիզի կամ Բեռլինի կաֆեները։ Սինեմաներ, ահա ո՛ւր կարող եք տեսնել բազմությունը։ Ճաշարանները լեցուն են կեսօրին և երեկոյան միայն կես ժամով, ոչ ավելի։ Հարկավ ամերիկացու ախորժակը նույնքան մեծ է, որքան ուրիշներինը․