Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բանակի զինվորներին հավասար օգնություն են մատուցել աղետյալներին։ Եղբայրական աննախընթաց օգնություն, որի նմանը գոնե ես չեմ տեսել երբեք, քառասունևերեք տարի ապրելով հայ-վրացական միջավայրում, ընդհակառակը, միշտ եղել եմ ականատես փոխադարձ գժտությունների, նախանձի և ատելության։ Եվ ահա չնայելով ավերված քաղաքի ողբերգական պատկերներին, սիրտս բաբախում է ցնծությունից։ Համեմատում եմ մռայլ անցյալը ներկայի պայծառության հետ և սկսում եմ խորապես հավատաք, որ այդ անցյալն առ միշտ հանձնված է պատմության խավար էջերին։ Քաղգործկոմի շինությունն արդեն լեցուն է բազմությամբ։ Այստեղ է, որ առայժմ որոշվում են անելիքները։ Բավական ընդարձակ և սիրուն կահավորված դահլիճում խառնվել են ամենքը, որ կոչված են աջակցելու Հանրապետության Արտակարգ հանձնաժողովին և սպասում են կարգադրությունների։ Ընկերներ Երզնկյանը և Դուրգարյանը արդեն դռներից ներս չմտած՝ տալիս են իրենց հրամանները։ Ընկ. Կարինյանը լրացնում է թերթերը և ուղղում ներմուծում որոշումների մեջ։ Հակասություններն աննշան են, վիճաբանությունները ունեն վայրկենական տևողություն։ Ամեն ինչ վճռվում է ընդհանուր համաձայնությամբ, ընկերաբար։ Զգացվում է, որ գործի մարդիկ բնազդաբար իսկ արհամարհում են ակադեմիադ կան վեճերը մի գործում, որտեղ երկարաբանությունը քայքայիչ թույն է։

Հայացքս ընկնում է Լենինի հոյակապ պատկերի վրա, որ բռնել է բարձր պատի ամբողջ կեսը։ Որակյալ բանվորի պարզ հագստում, ձեռները խոթած պանթալոնի գրպանները, մի քիչ կորամեջք, գլուխը թեթևակի ծռած նայում է արծվային աչքերով կնճռված հոնքերի տակից, որոնք մի-մի սլաք են դիտողի մտքի համար։ Նա նայում է հեռուն և թափանցում ապագա պատմության խորքերը, որպես աներևույթ զորությունից ներշնչված մարգարե։

Մտաբերեցի այդ պատկերի իսկականը։ Փարիզումն էր․ չգիտեմ 1906, թե՞ 1907 թվականին, «Կաֆե֊Սուֆլես»֊ում, ռուս հեղափոխական էմիգրանտների սիրեցյալ սրճարանն էր՝ սկսած Հերցենի օրերից։ Հիշում եմ Իլյիչի նեղ նշաձև աչքերը։