Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վերաբերությամբ, որոնց մեջ գրականական աշխարհիկ լեզուն հազիվ թե մի քանի տասնյակ տարիներ է, որ մուտք է գործել։ Մեր ուսումնարանների մեջ շատ ժամանակ չէ, որ սկսել են գործածել հայերեն մաքուր աշխարհաբարը։ Մինչև այսօր մեր եկեղեցիների մեջ դեռ անմարսելի գրաբարն է թագավորում։ Մեր հոգևորականները, որ իրանք մեծ կարոտություն ունեն սովորելու, անկարող են ժողովրդի մեջ տարածել կենդանի աշխարհաբարը։ Վերջապես, մենք չունենք բավականաչափ աշխարհաբար լեզվով թե՛ ինքնուրույն գրվածները և թե՛ թարգմանություններ, որոնց միջոցով հասարակությունը ծանոթանար նրա հետ։ Իսկ եթե մենք այսօր քիչ թե շատ ծանոթ ենք գրականական բարբառի հետ, սրանով գլխավորապես պարտական ենք մեր լրագրությանը, որը մինչև այսօր գրեթե միակ միջոց է հանդիսացել նրա տարածվելուն։ Համարձակապես կարող եմ ասել, որ հայ հասարակության միայն այն դասակարգը փոքրիշատե գիտե հայերեն, որ հայ լրագիրներ է կարդում, իսկ այդ դասակարգը կազմում է հասարակության աննշան մասը, մեծամասնությունը, որ հայ լրագրությունով չի զբաղվում, զուրկ է կենդանի մայրենի գրականական բարբառից։ Գոնե Բաքվի մեջ հազվագյուտ է այն հայը, որ փոքրիշատե գիտե իր մայրենի գրական լեզուն։

Այդ հանգամանքը աչքի առաջ ունենալով, ես համոզված եմ, որ այն անձնավորությունը, որ հանձն է առնում մի որևիցե գավառական քաղաքում ժողովրդական դասախոսություններ անել, գլխավորապես պիտի հոգա, որ դասախոսության ոճը, լեզուն մատչելի լինեն հասարակության, որ նա կարողանա հասկանալ դասախոսության միտքը և, հետևաբար, օգուտ քաղե նրանից։ Թող ներե ինձ պ. Արամյանը նկատել, որ նա այդ անհրաժեշտությունը աչքաթող էր արել իր առաջին դասախոսությունում։ Նրա դասախոսության լեզուն այնքան դժվարըմբռնելի էր, նախադասություններն այնքան երկար ու դժվար հասկանալի էին, որ հանդիսականներից հազիվ թե տասից մեկը հասկացավ նրա միտքը, և այն ևս մեծ դժվարությամբ։ Բացի այդ, պ. դասախոսը, չգիտեմ ինչու, չափազանց վռազում էր կարդալու ժամանակ, այնպես, որ նախադասությունները ունկնդիրը չէր կարողանում ջոկել