Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նրանց, չեն սպանել, այլ ստիպել են, որ նրանք բերդից հանել տան իրենց կանանց։ Կանայք իրենց մարդկանց կյանքը փրկելու համար դուրս են եկել բերդից։ Թաթարները բռնել են նրանց, ոմանց բռնաբարել, ոմանց կոտորել, ոմանց գերի վերցրել:

Այնուհետև միայն Ավագ իշխանը անձնատուր է եղել Չարմա֊Ղանին։

Եվ այս բոլորից հետո խեղճ պատմագիրը ուրիշ մխիթարություն չի գտնում, եթե ոչ ոգևորությամբ նկարագրել է այն, թե Չարմա֊Ղանը ինչ փառավոր ընդունելություն ցույց տվեց առանց պատերազմի հաղթված Ավագ իշխանին, թե ինչպես նա առաջարկեց վերջինին խումից (կումիս) խմել և թե սա ինչպես մերժեց, առարկելով, թե քրիստոնյաները խումից խմելու սովորություն չունեն։

Ահա այս անցքերի հիշատակներով լեցուն բերդը մեզ չհաջողվեց տեսնել։

Հասանք Որնակ։ Գյուղին չհասած, մեզ մոտեցան չորս֊հինգ գյուղացիներ և խոնարհ գլուխ տվին իմ ուղեկից Սարգիս Արղությանին։

Որնակեցիները և սանահնեցիները Երկայնաբազուկ Արղությանների ճորտերն են եղել հնումն և տակավին նրանց մեջ ապրում է երկյուղը և առերես հարգանքը դեպի իրենց իշխանների ժառանգները։ Մի մոտ վաթսուն տարեկան նիհար ծերունի մոտեցավ և մի աչքը խփելով, մյուսը բայ արավ Զաքարյանի առջև։

— Մին տես ի՞նչ կա էստեղ։

Որնակ գյուղն իր արտաքին տեսքով ավելի ողորմելի երևաց ինձ, քան Հաղբատը։ Խոտից, փայտից և տեղ-տեղ խճից մի կերպ հորինած խղճուկ խրճիթների մի քանի շարք — դա է գյուղը։ Մանուկները մերկանդամ, կանայք ոտաբոբիկ, տղամարդիկ ընկճված դառն աշխատանքի և աղքատության լծի ներքո, խեղճ, ողորմելի, միանգամայն ողորմելի արարածներ։

Թե՛ Հաղբատ և թե՛ այստեղ հողի ահագին պակասություն ։

[1]

  1. Կիրակոս Գանձակեցի, «Պատմություն Հայոց», երես 145—151 Մոսկվա, 1858թ