կարող է համարվել, թե մշակը, ևս ունի կյանքի դառնությունները և ուրախությունները զգալու ընդունակություն։ Բայց և այնպես այդ բացառություններն էլ ինչպես բացառություններ, կազմում են շատ աննշան թիվ, որը ինչպես և իցե չի կարող արդարացնել մեծամասնության զզվելի արարմունքները։ Զզվելի եմ ասում, որովհետև ուրիշ կերպ չի կարելի անվանել այն խստաբարո և քարասիրտ բուրժուաների արարմունքը, որոնք իրանց անձնական շահերի համար ճնշում, հալածում են մշակին, հավասարեցնելով նրա գրությունը միջնադարյան գերիների դրության հետ միայն այն պատճառով, որ նա նյութական կախումն ունի իրանցից։
Որպեսզի չմեղադրվեմ չափազանցության մեջ, շտապում եմ առաջ բերել չոր փաստեր, որոնք ամեն փիլիսոփայությունից ավելի կարող են հաստատել իմ խոսքերը։ Այդ փաստերի մասին անհրաժեշտ է կրկին անգամ դառնալ դեպի գործարանները։
Առաջին աչքի ընկնող անխղճությունը այստեղ գործարանատերերի կողմից այն է, որ նրանք չեն որոշում բանվորների գործելու ժամանակը կամ լավն ասած՝ որոշում են օրական շատ երկար միջոց։ Շատ քիչ գործարանատերեր կան, որոնք իրանց մշակներին բանեցնում են օրական 12 — 13 ժամ, իսկ մեծամասնությունը բանեցնում է նրանց օրական՝ 16 — 17, շատ ժամանակ 19 — 21 ժամ։ Մանր գործարաններում, ուր նրանց տերերը իրանց շահի համար օրական փոխանակ մի անգամի, երկու կամ երեք անգամ են ֆոտոգեն քաշում, մշակները առավոտյան 3 ժամից սկսած շարունակ մինչև երեկոյան 10 ― 11 — 12 ժամը գործում են, այն էլ անդադար, իսկ եթե պատահում է, որ մշակները փոքրինչ այդ միջոցում անջատվում են գործից, այդ լինում է կեսօրվա ժամանակին մի քանի րոպե, այն էլ, իհարկե, հաց ուտելու համար, բայց շատ անգամ էլ, երբ գործը ստիպողական է, մշակները հացը ուտում են գործելով։ Օրական 19 — 21 ժամ շարունակ գործել, այն էլ ֆիզիկապես, այդ ոչ միայն կարող է մարդու առողջությանը վնասել, այլև շատ կարճ միջոցում նրան գերեզմանի խորքը տանել, և հենց այդպես էլ պատահում է խեղճ մշակների համար։ Եթե մենք ունենայինք ճիշտ ստատիստիտական