Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նրա ոտը կամ ձեռը ջարդում է, այդ ժամանակ նա մտածում է ո՛չ թե իր ցավի, այլ նրա մասին, թե ինչ պիտի պատասխանն իր տիրոջ առաջ, իսկ վերջինը սովորաբար մի քանի հիշոցներից հետո բարդաղի և նրա միջի ցրված նավթի գինը դուրս է բերում մշակի ռոճիկից։

Մշակի երկրորդ գործն է հորից ջուր դուրս բերելը։ Այդ գործը միևնույն է, ինչ առաջինը։

Երրորդ գործն է՝ արդեն եփ եկած նավթը կաթսաներից չաների մեջ տեղափոխելը։ Այդ գործը նույնպես, ինչպես առաջինը, կատարվում է նասոսով կամ վեդրոներով։ Այստեղ պետք է նկատած, որ կաթսաները չաներից բավական տարածությունով հեռու են և շատ անգամ մշակը նավթը վեդրոներով տանելու ժամանակ, ճանապարհի լպրծուն (скользкий) լինելու պատճառով, սայթաքում է ու վեր ընկնելով թե իրան է վնասում և թե՛ ձեռի անոթն է փշրում, որը նրա համար մեծ դժբախտություն է, քան թե անձամբ վնասվելը։

Չորրորդ գործն է՝ նավթը, որ արդեն անիստակ (неочищенный) ֆոտոգեն է, պատրաստված այդ չաներից կրկին անգամ մի ուրիշ տեղ տեղափոխելը, ուր նա պիտի կատարելագործվի՝ ձուլվելով կալաքարի և արջասպայուղի հետ (купоросное масло), վերջին հյութի վտանգավոր բնավորությունը ամենքին հայտնի է, և մշակին հարկավոր է նրա հետ մեծ զգուշութենով վարվել, ըստ որում բավական է, որ կուպարոսի մի կաթիլն անգամ ընկնի նրա մարմնի վրա, և նա այրում է ինչպես կրակ։ Բայց մշակները, որքան որ զգույշ լինեն, այնուամենայնիվ նրանցից շատերն են վնասվում ույդ վտանգավոր հյութից, ինչպես մի օր ես տարաբախտություն ունեցա տեսնել մի մշակ, որը իր մեջքում կուպարոսով լիքը մի շիշ տանելու ժամանակ հանկարծ վերջինը տրաքվել էր, և նրան ոտից մինչև գլուխ շաղախել։ Ցավալի էր այդ դրութենում տեսնել մշակին, որը ամբողջ մարմնով այրվում էր և խելագարի նման գոռալով փախչում էր այս ու այն կողմ, մինչև որ ներս եղողները մի կուժ ջուր սրսկելով նրա վրա, ազատեցին խեղճին անփախչելի մահից, թեպետ և սաստիկ վնասված։ Բայց ամենազարմանալին այն էր, որ