Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/395

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

համար, այսօր չէ կարողանում չզարմանալ, տեսնելով այդ ժամանակվա գյուղաքաղաքի տեղ մի նշանավոր նահանգական քաղաք՝ հիսուն հազար բնակիչներով։ Քառասուն տարվա ընթացքում Բաքուն այնքան է զարգացել, որքան հազիվ թե մի ուրիշ քաղաք կարողանա զարգանալ հարյուրավոր տարիների ընթացքում։ Որպեսզի ընթերցողը կարողանա մոտավորապես մի գաղափար կազմել այդ մասին, բավական է ասել, որ այդ չորս տասնյակ տարիների ընթացքում Բաքուն մեծացել է առնվազն տասն անգամ, իսկ նրա բնակիչների թիվը բազմապտակվել է գոնե քսան անգամ։ Պարսկական այն ասածը, թե «Մ՛ինչև մինը չի մեռնի, մյուսը չի կենդանանալ» վերաբերելի է Անդրկովկասի երկու քաղաքներին Շամախուն և Բաքվին։ 1859 թվականի երկրաշարժից հետո, նահանգատեղին Շամախուց փոխվելով Բաքու, առաջինը սկսեց օրըստօրե տնտեսապես ընկնել և դատարկվել, իսկ վերջինը արագությամբ զարգանալ և լցվել հազարավոր գաղթականներով։

Սակայն Բաքուն այդպիսի յուր արագ առաջադիմությամբ պարտական է ոչ այնքան այդ հանգամանքին, որքան բնության առատ պարգևներին։ Նավթային արդյունաբերությունը, որը համարյա տնտեսական աշխարհում ներկայումս մի ահագին նշանակություն է ստացել, ունենալով յուր կենտրոնատեղին Բաքուն, բնական է, որ պիտի նպաստեր այդ փոքրիկ քաղաքի զարմանայի ծաղկմանը։ Պրոֆեսոր Մարկովնիկովը, որ մի քանի տարի սորանից առաջ յուր մասնագիտական նպատակներով եկել էր այդ քաղաքը, իրավացի զարմացմամբ բացականչում է. «Մի՞թե հրաշք չէ, որ Կովկասի խուլ անկյունում գտնվող մի ասիական քաղաք այդպիսի կարճ միջոցում այդքան բարենորոգվել է»։ Հարգելի պրոֆեսորը, միանգամայն հիացած Բաքվից «Մոսկովսկիև վեգոմոստիս լրագրի էջերի վրա, պնդում է, թե շատ չի անցնիլ և այդ քաղաքը կհավասարվի Մոսկվայի հետ։ Մարկովնիկովը Նույնիսկ, ներկա Բաքուն համեմատելով վերջինի հետ, գտնում է, որ շատ կողմերով նա հենց այժմ անհամեմատ բարձր է Մոսկվայից, այն է՝ յուր մաքրությամբ, գեղեցիկ, հարթ և լայն փողոց¬ ներով, հիանայի ծովեզրով, փառավոր շինություններով։