Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գրեմ, մեղանչած կլինեմ սրբազան հոր քաղցր հյուրասիրության դեմ։

Մի բանի մասին միայն համեստաբար լռեց վանահայրը: Նա չնկարագրեց իր եռանդուն պաշտոնեության այն փոթորկալից ժամանակը, երբ հանգուցյալ Այվազովսկուց հետո սինոդից նշանակված էր Թիֆլիսի թեմի ժամանակավոր առաջնորդ, երբ վանքի տաճարը դղրդեցնում էր իր քարոզներով «վասն հանման ի գբե Լուսավորիչ Գրիգորի»։ Ասում են, թե շատ բարեպաշտ քրիստոնյաների աչքերից արտասուքի հեղեղ է թափվել, երբ սրբազանը «ահեղագոչ, որոտալից, ամպրոպային» ձայնով քարոզելիս է եղել։

— Հարցրին վերևից — Գիրիիքոոր էտտեղ ե՜ե՜ ս, ասաց — «հեե, հեե»,— ասացին կենդանի՞ ես...», պատասխանեց—« «բյալի, բյալի, կենդանի եմ»։

Արդեն բավական անցել էր գիշերից, երբ մենք քաշվեցինք մեզ համար նշանակված սենյակը, տանելով մեզ հետ շատ ախորժելի տպավորություն. ոչ մի օպերետայի կոմիկ չէր կարող մեզ այդ զառամյալ հոգևորականի չափ զվարճացնել...

Այն ի՞նչ սենյակ էր, ուր մենք երեք գիշեր անցկացրինք, չեմ կարող մարդկային կացարան անվանել։ Այնտեղ միայն խոզերը կարող էին քնել։ Շնորհակալություն, բյուր շնորհակալության հայ ռամկին, Սանահնի բարեսիրտ գյուղացիներին, որոնք չէին խնայում իրենց փափուկ անկողինները մեզ համար և իրանք իրանց ձեռքով սփռում էին ամեն գիշեր վանքի ավերակ խրճիթի աղտոտ հատակի վրա։

Ուրախ անցկացրինք մենք առաջին գիշերը Սանահնում։ Երզնկյանցը մեզ համար պատմում էր զանազան զվարճալի եղելություններ վանականների կյանքից։ Պարսիկ մոլլան, ռուս դիակոնը և հայ վարդապետը անեկդոտների մի առատ աղբյուր են ժողովրդի համար։ Ով կամենում է մեր հոգևորականների կյանքից անեկդոտների մի հարուստ ժողովածու կազմել, թող նա շրջի մեր վանքերը, նույնիսկ միաբաններից նա կլսի շատ անեկդոտներ, միայն մեծ մասամբ գրության համար անհարմար բովանդակությամբ։ Անձամբ ինձ ավելի էին հետաքրքրում Երզնկյանցի այն