Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/468

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նա ինքն էլ անընդհատ պետք է սովորի։ Պրոֆեսորների կողմից ստորագրված թղթի ողորմելի կտորը մեզ չի փրկի տգիտությունից, մենք պետք է գիտելիքներ ձեռք բերենք անկախ նրանից»։

Եվ այս նշանարանին նա հավատարիմ մնաց մինչև իր կյանքի վերջը։

Չբավարարվելով գերմանական կրթությամբ՝ Հեյդելբերդի համալսարանի դասընթացն ավարտելուց հետո Արծրունին մեկնում է Փարիզ համաշխարհային մշակույթի այդ կենտրոնը, որպեսզի ավելի կատարելագործի իր իմացությունը գիտությունների բնագավառում։ Բայց նա դրանով էլ չի բավարարվում, իմացության ծարավ նրա միտքը հանգիստ չի տալիս նրան, և Արծրունին, միառժամանակ անց, թողնելով Փարիզը՝ մեկնում է Վիեննա։ Այստեղ մի ամբողջ ձմեռ նա իր համար սիրելի քաղաքատնտեսության վերաբերյալ լսում է այնպիսի հռչակավոր անձանց դասախոսությունները, ինչպիսիք են Շեֆլեն և Լորենց Շտեյնը։ Դրա հետ միասին նա տեղի մխիթարյան գիտնականների ղեկավարությամբ ուսումնասիրում է գրաբարը և հարազատ ազգի պատմությունը, այդ ուսումնասիրությունը նա հետագայում շարունակում է Վենետիկի մխիթարյանների մոտ։

Այդ բոլոր գիտելիքները Արծրունին ձեռք էր բերում նախօրոք որոշված նպատակով. նա վճռել էր կյանքը նվիրել իր հայրենիքի հոգեկան շահերին և ուզում էր հասարակական գործունեության ասպարեզ դուրս գալ միանգամայն պատրաստված, իր ուժերի ներածին չափ կատարելապես զինված։

Այդպես ենք մենք տեսնում նրան, քսանյոթամյա այդ դյուրաբորբոք երիտասարդին, որ վերադարձել էր Թիֆլիս իր հոր մոտ։ Այստեղ նա սկսեց իր իսկական հրապարակախոսական գործունեությունը և այստեղ նա անխոնջ կերպով աշխատեց ուղիղ քսան տարի։ Արծրունու այդ բեղմնավոր գործունեության մասին մենք կխոսենք հաջորդ անգամ։