նրանք ողորմելի տպավորություն են անում կողմնակի գիտողի վրա։ Ով գիտե քաղաքավարի վարվել, վայելուչ հագնվել, մեղմ խոսել — նրանց աչքում «բուրժուա» է, մի բառ, որի իսկական նշանակությունը նրանք սխալ են ըմբռնում, քաղաքավարությունը շփոթելով բուրժուականության հետ։
Այս դեպքում, հարկավ, մեծ դեր է կատարում ընտանեկան կրթության պակասությունը։ Մեր գործիչները շատ քիչ բացառությամբ ժողովրդի տգետ խավերից դուրս եկած մարդիկ են։ Լավագույն դեպքում նրանք կարողանում են զարգացնել իրանց միտքը, իսկ կրթել իրանց բնավորությունը ավելորդ են համարում իրանց համար։ Ահա ինչու շատ անգամ մի քիչ մտավոր պաշարի և տարրական զարգացման հետ հանդիպում ես անսահման գոռոզության և ամբարտավանության։ Եվ այս ցավալի թերությունը բնականաբար ներգործում է մարդկանց ամբողջ գործունեության վրա: Այս է պատճառը, որ աշակերտը հայ ուսուցչի բերանից լսում է հազար տեսակի անվայել դարձվածներ, ընթերցողը հայ հրապարակախոսի գրվածքների մեջ հանդիպում է ամենակոպիտ փողոցային հիշոցների։ Այս է պատճառը, որ հայ մամուլի բանա կռիվը հայհոյանք է, հայ քննադատի քննադատությունը վիրավորանք, հայ ժողովների վիճաբանությունները՝ անձնական երկպառակություն։
Բնավորության կրթությունը ահագին ազդեցություն ունի մտքի արտադրությունների վրա։ Ով ինքն իրան չգիտե կրթել, չի կարող ուրիշներին կրթել. ով չգիտե իր կրքերը զսպել, չունի իրավունք ուրիշների կրքերի մասին խոսելու, ով չգիտե իրան մարդավարի և վայելուչ պահել, չունի իրավունք հասարակության մեջ դուրս գալու։ Կան որոշ օրենքներ, որոնց արհամարհելը համարվում է տգիտություն: Միայն հանճարներին է ներելի խախտել ընդունված պատշաճավորությունը։ Բայց հանճարներն իսկ այնքան սովորական կարգ ու կանոնների դեմ չեն մեղանչում, որչափ մեր հասարակական գաճաճները։ Ահա ինչու նրանք սիրելի չեն իրանց սովորական պարապմունքից դուրս, ահա ինչու նրանք ծիծաղ են հարուցանում իրանց համար քիչ թե շատ անսովոր շրջաններում։