Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/489

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կառքից ատրճանակ է արձակում։ Հայերը կատաղում են, պահում են կառքը, ցած իջեցնում Բաբաևին, մեկը դաշույնի հարված է տալիս նրան, Թուրքը փորձում է փախչել, ստանում է գնդակի հարվածներ և սպանվում:

Գալիս են Բաբաևի ազգականները, վերցնում են դիակը դնում պատգարակի վրա և, ուղիղ դեպի տուն տանելու փոխարեն, մի մոլլայի և երկու ոստիկանի ուղեկցությամբ շրջեցնում են փողոցներում, գոռալով. «Վրե՛ժ, վրե՛ժ»։ Թուրք ամբոխը, որին դիվային ուժը վաղուց է նախապատրաստած լինում հայերի դեմ, գրգռվում է, զինվում և կոտորածը սկսում։ Կիրակի օրը կատաղի ամբոխի վրիժառությանը զոհ են դառնում մոտ 35 անմեղ հայեր։ Բոլորն էլ վերք են ստանում ետևից, կնշանակե առանց դիմադրության, փախչելու ժամանակ։ 

Այսպես է սկսվում կոտորածը։ Կան և ուրիշ վարիացիաներ, բայց բոլորն էլ միմյանց հակասում են, և մենք չենք վստահանում առաջ բերել բոլոր պատմվածները, հուսալով, որ մի օր կունենանք ողբերգության ճիշտ արձանագրությունը։ Իրիկնադեմին կիրակի հայերը փակվում են իրանց տնե¬ րում, տիրում է ժամանակավոր խաղաղություն։ Բայց գազանային կրքերն արդեն գրգռված են, ամբոխի կատաղությունը եռում է։ Գիշերվա ընթացքում քաղաքի այս ու այն մասերում սպանվում են դարձյալ մի քանի հայեր։ Խեղճ ազգ ենք մենք նրանով ամենից առաջ, որ միշտ ուշ ենք տեսնում մեր թշնամուն։

Գալիս է երկուշաբթին, ողբերգության երկրորդ սոսկալի տեսարանը բացվում է։ Մինչև 10 ժամը առավոտյան թուրքերը ոչինչ չեն անում, անցնում են փողոցներով խումբ֊խումբ, բայց արդեն զինված։ Նրանք թույլ են տալիս, որ հայերը դուրս գան իրանց տներից, միշտ և հավիտյան անզեն, խաղաղասեր, «կուլտուրական» հայերը։ Խանութները բացվում են, աշակերտները դիմում են ուսումնարան, սովորական կյանքը սկսվում է։ Եվ ահա մոտ տասը ժամին լսվում են ատրճանակների և հրացանների պայթյուններ։ Օդի մեջ շողշողում են դաշույնները, որոնք իջնում են անմեղ անցորդների,