Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/533

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ պետք է տեսնել ինչպես է զվարճանում՝ ամբողջ էությամբ, անձնատուր, այնպես, ինչպես նա աշխատել է օրվա ընթարքում։ Եթե այս տեսակ հանդես լինի Մոսկվայում կամ Պետերբուրգում, եթե այդ չափ բազմություն այնտեղ ժողովվի մի տեղ, կարելի է երևակայել, թե որքան կողեր կջարդվեն, որքան քիթ ու պոռունկներ կարյունոտվեն, որքան հարբածներ կկործանվեն մեքենաների և աջ ու ձախ սլացող էլեկտրական և շոգեշարժ տրամվայ կառքերի տակ և քանի-քանի ջիբգիրներ և սկանդալիստներ կուղարկվեն ոստիկանատուն կամ ոստիկանները քանի-քանի անմեղների գլուխը կջարդեն։

Այստեղ դարավոր քաղաքակրթության հետևանքներն ես տեսնում։ Լսում ես՝ բարձրաձայն գոռոցներ, քրքիջ, ծիծաղ, տարօրինակ աղաղակներ, ծվվոցներ, ճչեր, բայց այդ բոլորը կատակ է, անմեղ խաղ։ Այստեղ ոչ ոք ոչ ոքի չի դիպչում, չի վշտացնում։ Ամենակոպիտ բանվորն անգամ ամեն վայրկյան մոտովդ անցնելիս կրկնում է՝ pardon, սիրալիր ժպիտը երեսին։ Մի դիպչիր նրան, որ ունի նուրբ ինքնասիրություն, և նա երբեք դեմքի և ոչ մի շարժումով չի վշտացնիլ քեզ։ Նայում ես շուրջդ և տեսնում ես այստեղ մի քանի ոստիկաններ ցցված։ Նրանք իսկապես գործ չունեն այստեղ, բացի այս կամ այն ծառայությունը հասարակությանը մատուցանելուց։

Մոտ տասներկու ժամին ամբոխը ցրվում է այնքան խաղաղ և կանոնավոր, որչափ մեր այսպես կոչված «բարձր» դասակարգը չի ցրվում Իբսենին կամ Հաուպտմանին լսելուց հետո։

Նրբությունը ֆրանսիացու ազգային դարավոր հատկությունն է, այս արդեն հայտնի է։ Հայտնի է նաև, որ ճշտապահությունն էլ գերմանացու ազգային հատկությունն է։ Սակայն Բեռլինում մի օրվա ընթացքում ինձ հինգ անգամ խաբեցին, օգտվելով գուցե այն հանգամանքից, որ ես գերմաներեն չգիտեմ։ Գուցե այս մի պատահմունք էր. բայց փաստը մոռանալ չեմ կարող։ Ուրիշ փաստ։ Բռլինում ես գնեցի մի ճանապարհարկղ։ Խոստացան, ըստ սովորության, անմիջապես գնածս ուղարկել հյուրանոց։ Եկա հյուրանոց, չկար։ Մի ժամ անցած՝ գնացի խանութ, դարձյալ խոստացան