Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/563

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կարեկցություն։ Ուրեմն շարունակ պիտի ծեծե՞լ այսօր մեկի, վաղը մյուսի դռները, շարունակ ձե՞ռք կարկառեր: Եվ կամաց-կամաց, աստիճանաբար ու անգիտակցաբար մեռցնե՞լ մեր մեջ ազգային հպարտության զգացման վերջին կաթիլը այնպես, ինչպես մուրացկանն է մեռցնում իր մեջ անձնասիրության զգացումը փսղոցների անկյուններում։

Ազգային պատիվն այն անգին գոհարն է, որ չպիտի երբեք շուկա դուրս բերել կամ գրավ դներ: Նախահայրերից ստացված մի սրբազան ժառանգություն է նա, որ պարտավոր ենք ավանդել հետագա սերունդներին մաքուր և անապական։ Զազրելի է այն անաջող թղթամոլը, որ ազարտի սեղանի վրա է շպրտում իր հանգուցյալ մոր նվիրական մատանին։ Եվ մի՞― թե մեր այսօրվա աջ ու ձախ սփռած աղերսանքները նույնը չեն:

Լինում են սնանկներ, որոնք չեն քամահրում չոքեչոք մոտենալ իրանց դաժան պարտատերերին և նրանց փեշերը համբուրելով զիջումներ աղերսել։ Ինչո՞ւ ենք ձգտում նմանվել այդպիսիներին և արժանանալ ընդհանուր արգահատանքի ու արհամարհանքի։

Եթե մի վայրկյան թույլ տանք, որ մենք ծայր աստիճան սնանկ ենք, այնուամենայնիվ, չպիտի մոռանանք մեր զավակների ինքնասիրությունը։ Այնուամենայնիվ չպիտի թողնենք նրանց համար մի բարոյական այնպիսի արհամարհելի ժառանգություն, որից նրանք պիտի ամաչեն հենց համայն մարդկության առջև։ Պատմությունն անողոք է իբրև դատավոր, և մեր ոչ մի թշվառությունը չի կարող նրա աչքում լինել մեր կամավոր ստորացման արդարացուցիչ հանգամանքը։ Նա կգամե մեր անունները ծաղրի ու արհամարհանքի սյունին, եթե մեր լալկանությունը տանենք մինչև վերջին ծայր։

Բավական է որքան սրան ու նրան մոտեցանք չոքեչոք և փեշերը համբուրեցինք։ Մենք տակավին այնչափ սնանկ չենք, որ չափ կարծվում է։ Համենայնդեպս, մենք չունենք և ոչ մի պարտատեր։ Ընդհակառակը, մեզ են պարտական ամենքը։ Մեզ, որ չունենալով և ոչ մի մասն ուրիշների