Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/570

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մի վայրկյան զվարթացած դեմքերը նորեն մռայլվում են։ Իմ հարցին կառավարիչ տիկիններից մեկը պատասխանում է, թե ձրի թեյարանը բաց է արել Թիֆլիսի չորրորդ քաղաքամասի սանիտարական հոգաբարձությունը՝ իր նախագահ ատամնաբույժ Անդրեաս Ապրելյանի նախաձեռնությամբ։ Թեյն ու շաքարը տալիս է քաղաքային ինքնավարությունը, իսկ Հաց՝ տալու միջոց չունի։ Հոգաբարձությունը կոչ է անում Թիֆլիսի Հասարակությանը՝ միջոց տալ նրան այդ թշվառներին թեյի հետ բաժանելու և մի կտոր հաց՝ թեկուզ քառորդ ֆունտ։

Իմ ձեռքի տակ է տպագրված կոչի մի օրինակը։ Առաջ եմ բերում մի քանի տողեր այդ կոչից․

«Թեյատունն այցելում են օրական 1000 հոգի, որոնցից 60 տոկոսը կազմում են կենդանի մանկական դիակներ։ Նույնիսկ ոչ բարձր հոգու տեր դիտողը ամոթից հեղձվում է, տեսնելով այդ ուժասպառ երեխաներին, որոնք կատաղաբար դատարկ թեյով են ուզում հագեցնել իրանց քաղցը։

...Քաղաքացիներ, նույնիսկ ինքնապաշտպանության զգացումն ու առողջ բանականությունը թելադրում են, որ պետք է այդ սոված ամբոխին տալ թեյի հետ և մի կտորիկ հաց.․․»։

Այդ մի կտորիկ հացը տալու պարտականությունն ընկնում է առանձնապես հայ հասարակության վրա, որովհետև ձրի թեյատան այցելողները գրեթե բացառապես հայ գաղթականներ են։ Մենք պետք է երախտագետ լինենք, որ Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսի ինքնավարությունը ձրի թեյ է տալիս մեր դժբախտ հայրենակիցներին և պարտավոր ենք այդ երախտագիտությունը ցույց տալ գործով։

Եվ ես համարձակվում եմ հուսալ, որ հայ հասարակությունը կտա այդ մի կտորիկ հացն իր թշվառ հայրենակիցներին, այլապես նա կարժանանա նախատինքի։

Նվերներ ընդունվում են Թիֆլիսի 4-րդ քաղաքամասի սանիտարական հոգաբարձության 13 անդամների և նրա նախագահ ատամնաբույժ Ապրելյանի մոտ Вельяминовская ул., Д. №12)։