Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/576

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱՆՈԻՆ ՄԵՐ ԴԱՏԻ

Ես ասել եմ և կրկնում եմ, առանց ռուս ազգի բարեկամության և Ռուսաստանի աջակցության մեր ազգային դատը, ինչ սահմանների մեջ և լինե նա, չի կարող ունենալ հաջող ել։ Ինքը հայ ժողովուրդը ավելի քան մի դար է դիտե այդ, ուստի նա միշտ կասկածելով է վերաբերվել դեպի այն բոլոր տարրերը, որ այս կամ այն կերպ փորձել են անդունդ փորել նրա և ռուս ժողովրդի մեջ։ Ճշմարիտ է, եղել են դեպքեր, երբ նրա հոդին ըմբոստացել է Ռուսաստանի դեմ, ինչպես, օրինակ, Կովկասում հայ դպրոցների փակման և եկեղեցական կալվածքների գրավման ժամանակ, բայց շուտով հուզումը տեղի է տվել առողջ բանականության, և հայ ժողովուրդը հասկացել է, որ այլ է ռուս ազգը և այլ է նրա անարժան կառավարությունը։ Ոչ թաթարազգի, Դոնդուկով-Ղորսաղովի և ոչ պսիխոպատ Գալիցինի մոնղոլական քաղաքականությունը նա չի վերագրել ռուս ազգի կամքին և մտայնությանը, պարզ տեսնելով, որ այդ ազգն ինքն իսկ տառապում է ցարիզմի բռնակալ լծի տակ։ Եվ նա չի դադարել իր ուսումնածարավ զավակներին ուղարկելու Պետերբուրգ ու Մոսկվա՝ այնտեղ քաղաքակրթվելու համար։

Այսպես է եղել ռուսահայ ժողովուրդը Ռուսաստանի վերաբերմամբ։ Նույնը մի քիչ տարբերությամբ կարելի է ասել և թուրքահայ ժողովրդի նկատմամբ։ Ով չգիտե, որ Սան Ստեֆանոյի դաշնագրության օրից նա իր հայացքը հառած է եղել դեպի հյուսիս, այնտեղից սպասելով, թե ոչ իր կատարյալ ազատությունը, գեթ իր կյանքի, գույքի և պատվի ապահովությունը, նույնիսկ Լաբանով-Ռաստովսկու ցինիկ նշանաբանը՝ «Հայաստանը առանց հայերի», չի խորտակել նրա հավատը դեպի ռուս ազգի մարդասիրությունը։ Վերջին պատերազմի առաջին երկու տարիները, երբ ռուս զորաբանակը հաղթական քայլերով արշավում էր դեպի Փոքր Ասիայի խորքերը, նրա յուրաքանչյուր աջողությունը մի տոն էր թուրքահայ ժողովրդի համար։ Երբեք չեմ