Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/585

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զարկել, ոչ մի կարոտ ձեռք չէր հանդգնում նրան պարզվելու։ Գիտեին, որ ապարդյուն է, ոչինչ չի կարելի ստանալ, բարի սառցային և միապաղաղ մերժումից, «Գնա աշխատիր, չեմ կարող»։ Նա չէր ասում «չեմ ուզում», այլ «չեմ կարող»։ Եվ այս դեպքում նա անկեղծ էր, վասնզի իրավ որ չէր կարող այնքան զորավոր էր նրա մեջ չար դևը։

Մի օր մեռավ այդ մարդը և, ով հրաշք, լուր տարածվեց, թե նա իր ամբողջ հարստությունը կտակել է «ազգին»։ Ամբողջը, առանց մի տաշեղ ձգելու իր մերձավորներին։ Պատարագիչ եպիսկոպոսը թաղման օրը արտասանեց լավագույնը իր քարոզներից և ամենահուզիչը, և ամբոխը սքանչացավ, լրագիրները թմբկահարեցին և Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր ջերմեռանդ աղոթքներն ուղղեց Աստծուն՝ հանգուցյալի «անապական» հոգու համար։

Գուցե ես էի միայն, որ իմ հոռետեսության մեջ այդ լուրը լսելիս չհիացա, այլ ընդհակառակը։ Ի՞նչ է նշանակում այդ։ Ահա մի մարդ, որին չի հուզել ոչ մի մարդկային վիշտ, որի հոգին միշտ եղել է անտարբեր դեպի բարին, դեպի գեզեցիկը, աստվածայինը, հանկարծ բորբոքվում է ինչպես մի հրաբուխ։ Ի՞նչ մտայնություն է պաշարել այդ մարդուն մահվան անկողնում թե մահից շատ առաջ, այդ միևնույն է։ Ինչո՞ւ նա իր կենդանության ժամանակ չի արել տասներորդը, հարյուրերորդն անգամ այն զոհողության, որ որոշել է անել իր մահից հետո։ Արդյոք պե՞տք է գովել այդ երևույթը, թե պարսավել։ Եվ մի չար միտք ինձ ասում էր, ո՞վ գիտե, գուցե այդ տեսակ մարդիկ, եթե հնար ունենային, իրանց հարստությունը իրանց դագաղի մեջ կտանեին գերեզման։ Ամեն մի գեշ ենթադրություն ներելի է, երբ մարդ էակի համար ոսկին դառնում է միս և արյուն, ավելի հոգի և ավելի քան հոգի։

Խնդիրն այն չէ, որ իմ նկարագրած մարդու կտակը ծովն ընկավ իր կտակակատարների գիտակցական և անգիտակցական անփութության շնորհիվ։ Խնդիրն այն չէ, թե ինչ իրական կամ վիճելի օգուտներ կարող էր տալ «ազգին» այդ կտակի իրագործումը իր ժամանակին։ Էականն ինձ համար