Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/588

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գնահատման չափերը։ Եվ նրանք են, որ հիացմամբ պիտի կանգ առնեն վեհագույն վայրկյանի առջև և հրճվեն իրանց հոգու ամբողջ զորությամբ։

Նոյեմբերի քսանինը Հոկտեմբերյան Հեղափոխության ծնունդն է։ Սակայն մի ծնունդ, որ ըստինքյան մարդկային պատմության զմայլելի էջերից մեկն է։

Մի անգամ ևս թերթենք մեր երկհազարամյա անցյալի ժամանակագրությունները և մի անգամ ևս համոզվենք, որ հայ ժողովուրդը երբեք չի ունեցել այն ազատությունը, որ ունի այժմ։ Եվ թող մեր նոր սերունդն այս գիտակցությամբ տոգորված և իրեն պագևված լիուլի հնարավորությամբ ոգևորված՝ կրկնապատկե իր եռանդը հայրենիքի վերաշինության համար։

ՀԱՅՐԵՆԻՔԻՑ

Ես ձեզ խոստացել եմ գրել իմ առաջին տպավորությունները հայրենիքից, իրավունք ունիք դժգոհելու ինձնից, որ այսքան ուշ եմ կատարում խոստումս, սակայն մի մեղադրեք ինձ ծուլության մեջ։

Այս ամիս ու կեսվա ընթացքում, որ Երևանումն եմ, այսօր հազիվ կարողացա մի փոքր ժամանակ խլել իմ զբաղումներից՝ ներկա երկտողը գրելու համար։

Իմ ասելիքը փարիզահայ գաղութին և առհասարակ արտասահմանի հայությանը կարճ ու կտրական է։

Այստեղ, Արագածի գրկում և Արարատի դիմաց հայրենիքը կառուցվում է այնպիսի փութկոտությամբ, որպիսին հայ պատմությունը գուցե երբեք չի արձանագրել, և կառուցվում է նա խորհող, գիտակցող ու գործնական մարդկանց ձեռքով։

Չկան մերձավոր անցյալի երազները և ոչ ամբարտավան հոխորտանքը դեպի աջ ու դեպի ձախ և ոչ սահմանափակ մտայնության փոթորիկը մի բաժակ ջրի մեջ։ Ամենից առաձ նորեկին հիացնում է պատմական վայրկյանի լռության գիտակցությունը մարդկանց մտքերի մեջ։