Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արմատները իրենց հարյուրավոր մեծ և հազարավոր փոքրիկ ճյուղերով ճեղքել են բիրտ ապառաժները և դուրս են ցցվել իրենց սուր, երկար, գալարուն ծայրերով։ Եվ այդ ճյուղերով, ինչպես հաստ և անքակտելի թելերով, ծառերի արմատը ամուր շղթայել է ապառաժները, կարծես չթույլ տալու համար, որ նրանք վար գլորվեն։

Բայց բնության հարատև արհավիրքը թուլացրել է նույնիսկ քարյա պատվանդանը։ Նայում ես, և զգում, որ վաղ թե ուշ այդ ապառաժներից յուրաքանչյուրը պոկվելու է արմատից և ծառերի հետ միասին թավալվելու է իր ոտքի տակ բացված անդունդի մեջ, ուր ընկած են վաղուց շատերը նրա ընկերներից։ Այն ապառաժը, որ արդեն թավալվել է, իր հոգնած ուսերից շպրտել է մի կողմ դարերով կրած ծանրությունը։

Եվ ահա այդ տխուր վիճակին ենթարկված, բարձրագագաթ, հաստաբուն ծառերը ձգված փտում են խոնավ գետնի վրա, անդունդների բերանում։

Նայեցեք, ահա արդեն թավալված հսկայի շորս կողմերում երկյուղով և ամաչելով դուրս են ցցել իրենց գլուխը նորաբույս ծառերը։ Դրանք անտառի նոր սերունդն են։

— Հրես... էէս... մենծ... ծառի... տակին էն երկուսին․․․ սպանեցին... ղաչաղները— ասաց համրախոս ձիապանս և ցույց տվեց մի բունը այրած սևացած կաղնի, որի տակ սպանել էին երկու անցորդ մեր ճանապարհորդությունից մի շաբաթ առաջ։

— Բա էս խի՞ չես ասում, որ էդ բյանդումը էն խեղճ շուլավերցուն տկլորացրել էին, ծառին կապել, խենչալը փորը խրել,— ավելացրեց մյուս ձիապանը, ցույց տալով մի նեղ ճանապարհի անցք։

Եվ այսպես, այստեղ ամեն մի անկյուն շաղախված է մարդկային արյունով։

Խոժոռնիի անտառի մթին անցքերից մեկի բերանում մեզ հանդիպեց մի գյուղացի, երկար, հովվական ցուպը, ձեռին և մեջքին մի հասարակ դաշույն կապած։ Նրա շուրջն արածում էին մի քանի կովեր։ Ձիապաններն ասացին, թե