Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆԱՄԱԿՆԵՐ ՀՅՈԻՍԻՍԻՑ

1

Տասներկու տարի շարունակ ապրելով Թիֆլիսում, գործելով հայ գրականության և մամուլի մեջ, տեսնելով անըդհատ միևնույն շրջանը, միևնույն դեմքերը, միևնույն երևույթները, ես այնքան հոգնել ու ձանձրացել էի, որ ինձ թվում էր վերջին ժամանակ, թե իմ ջղերը բթանում են, զգացումները թմրում, միտքը պղտորվում։ Ահա ինչու մի օր, վերջապես, վճռեցի, եթե ոչ մշտապես, գոնե անորոշ ժամանակով հեռանալ այն միջավայրից, որի օդը ընդունակ է խեղդելու և ոչնչացնելու ամենաառողջ մարդուն։

Հեռանալով այդ խեղդուկ միջավայրից, միևնույն ժամանակ ես վճռել էի ոչ միայն չմտածել նրա մասին, այլև խույս տալ այն ամենից, որ կարող է ինձ հիշեցնել նրան։ Սակայն մեծ է սովորության ուժը։ Որքան վատառողջ և վնասակար լինի մթնոլորտը, դարձյալ մարդ երկար տարիներ ապրելով այնտեղ ընտելանում է, դյուրությամբ չի կարողանում բաժանվել նրանից։ Այն միջավայրը, ուր ստիպված է ապրել և գործել հայ հեղինակը, նեխված է, ապականված, բայց որպես մթնոլորտ, ունի իր կաշկանդող ուժը։ Եվ հենց այդ ուժն է, որ այս րոպեիս, դեռ երկու ամիս չլրացած, հեռու հայրենիքից, հեռու իմ սրտին մոտիկ անգին էակներից, որոնց կյանքի հետ անխզելի կապված է իմ գոյությունը — ես