Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

-Պետր Ստեփանիչ, ախար քեզ հետ են խոսում,- կրկնեց հետաքրքիր հաստափորը, կանգնելով նրա դեմ ու դեմ և ձեռով ծածկելով հեռադիտակի բերանը, որպեսզի Պետր Ստեփանիչի ուշադրությունը յուր վրա դարձնի:

-Հը՛մ,- ասաց միայն Պետր Ստեփանիչն և, հեռադիտակն ազատելով նրա ձեռից, կրկին սկսեց նայել:

-Ումի՞ն ես սպասում, ասա, տեսնեմ,- շարունակեց հաստափորն, այս անգամ Պետր Ստեփանիչի ձեռից խլելով հեռադիտակն և թաքցնելով յուր մեջքում:

-Սպասում եմ:

-Ո՞ւմին:

-Կարլ Մարկիչի ընտանիքին:

-Ո՞րտեղից:

-Հաշտարխանից:

-Ի՞նչ ասացիր, Կարլ Մարկի՞, ո՞վ է Կարլ Մարկիչը:

-Իմ կառավարիչը:

-Նեմե՞ց է:

-Հայ է, հաշտարխանցի:

-Կարլ Մարկիչ,- կրկնեց Սերգեյ Իվանիչը (այսպես էր հաստափորի անունը), աչքերը չռելով և յուր դեմքի վրա խաղացնելով զարմացական ժպիտ:

-Գասպարն է, ծերունին, ճանաչո՞ւմ ես խո նրան:

-Գասպարը…հը՛մ… ես էլ ասում եմ, այդ ինչ Կարլ է- ասաց Սերգեյ Իվանիչը, հառաչելով, կարծես, մի ծանրությունից ազատված:- Ինչո՞ւ է բերել տալիս Գասպարն յուր ընտանիքը:

-Ես եմ ասել, խեղչն առանց կնոջ տխրում է, ասացի մի լավություն անեմ: Տներիցս մեկում նրա համար լավ բանակարան եմ նշանակել, թող ապրեն, քեֆ քաշեն: Արժե Կարլ Մարկիչը. նա շատ լավ գործակատար է:

-Արժե, արժե, 'ատ ճշմարտասեր մարդ է, ղալբություն չգիտե: Ես նրան լավ եմ ճանաչում: Առաջ նա Հաշտարխանի ամենաառաջին վաճառականներից մեկն էր, բայց ընկերները խաբեցին, փողերը ձեռքից խլեցին և չոր տափի վրա թողեցին: Նրա ընտանիքն էլ եմ ճանաչում: Ռուսաստանից գալիս ես Հաշտարխա