Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լինել․ էնդուր որ ես նրա պոդչինյոննին եմ, նա իմ խոզյայինն է, — տաքացավ Կարլ Մարկիչը, փողպատն ուղղելով և գլխի կարճլիկ ճերմակ մազերն երկու ձեռներով հարթելով։

— Դու պարտավոր ես, բայց ես — ոչ։ Դու կարող ես նրա չորս կողմով պտույտ գալ, իսկ ինձանից մի պահանջիր նույնը, — պատասխանեց Կատերինա Կարլովնան ավելի սառնությամբ։

— Մամա ջան, ինչե՞ր ես խոսում սկուչնա ես, քեֆդ լավ չէ, լիխորադկա ունիս, — փոխեց յուր խոսքը Կարլ Մարկիչը, իսկապես կասկածելով աղջկա առողջության մասին։

— Շկապը կողպելիս ձեռը ցավեցրել է, — պատասխանեց Մարիա Իվանովնան աղջկա փոխարեն։

Կարլ Մարկիչի մարմնին կարծես էլեկտրական թեյի ծայր դիպցրին։ Սա այնպես վեր թռավ տեղից, որ աթոռն ընկավ, սեղանը սաստիկ շարժվեց, թեյի բաժակը շուռ եկավ, և թեյը սեղանի երեսով սկսեց հոսել սենյակի հատակը, Մարիա Իվանովնան և Արտեմը, շփոթվելով Կարլի այդ արագ շարժումից, նույնպես բարձրացան իրանց տեղերից։

— Դուշա մոյա, աբա, աբա, աբա տեսնեմ, — գոչեց Կարլ Մարկիչը, հարձակվելով յուր աղջկա վրա։

Կատերինա Կարլովնան, բավական վախեցած յուր հոր տարօրինակ շարժումից, անգիտակցաբար մի քայլ հետ գնաց։

— Կարլ, այդ ինչե՞ր ես անում, գժվել խո չե՞ս, վախեցրիր մեզ, — բացականչեց Մարիա Իվանովնան ծիծաղելով։

Սակայն Կարլ Մարկիչն ուշադրություն չդարձրեց նրա վրա։

— Ցույց տո՛ւր, աբա, տեսնեմ, դուշա։

— Հանգստացիր, պապա, ոչինչ չկա, ցավը վաղուց է անցել, — խոսեց, վերջապես, Կատերինա Կարլովնան շփոթված։

Կարլ Մարկիչը քիչ հանգստացավ և բաց թողեց աղջկա թևը։ Նա հետ նայեց և, տեսնելով յուր տարօրինակ շարժման հետևանքը, կարծես ամաչեց յուր արարմունքից։

— Ինչպե՛ս վախեցրիր ինձ, Մարիա, հենց իմացա, որ մատը ռազդավիյտ է արել Կատյան, — ասաց նա կրկին յուր տեղը նստելով։