Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Երդվում եմ աստուծով, Կատերինա Կարլովնա, հավատացեք և թույլ տվեք, — ասաց նա, կրկին մոտենալով օրիորդին։

— Հեռո՛ւ գնացեք, եթե ոչ կբղավեմ․․․

Պետր Ստեփանիչը մնաց արձանացած տեղն ու տեղը։ Մի քանի վայրկյան այս դրության մեջ մնալուց հետո, նա մոտեցավ օրիորդին և ասաց խոնարհությամբ․

— Ներեցե՛ք, Կատերինա Կարլովնա, ես հանաք էի անում, ներեցե՛ք․․․

— Այդ տեսակ հանաքներ չեն անում օրիորդի հետ։

— Լավ է, մոռացե՛ք, մոռացե՛ք, խնդրեմ, մյուս անգամ չեմ անիլ։

Ներս մտավ Մարիա Իվանովնան, մի ձեռում սրճամանը, մյուսում կաթնամանը։

Կատերինա Կարլովնան ուղղեց իրան, Դոլմազովը նույնպես, և միամիտ Մարիա Իվանովնան ոչինչ չկարողացավ նկատել։

Նստեցին սուրճ խմելու։ Փոքր առ փոքր Կատերինա Կարլովնան ուշքի եկավ և սկսեց խոսել, նույնիսկ զվարճախոսել։ Կարծես ոչինչ չէր պատահել։ Պետր Ստեփանիչը նույնպես սիրտ առավ։ Սուրճը խմելուց հետո նա հանդգնեց կրկին առաջարկել Կատերինա Կարլովնային երեկոյան միասին կոնցերտ գնալու։ Օրիորդը վճռաբար մերժեց։ Բայց և այնպես, վերջումը Պետր Ստեփանիչին, երկար թախանձանքներից հետո, Մարիա Իվանովնայի միջնորդությամբ, հաջողվեց Կատերինա Կարլովնայից հաստատ խոսք առնելու, որ սա մյուս անգամ կգնա յուր հետ կոնցերտ, որը պիտի լինի մի շաբաթ հետո։

Պետր Ստեփանիչը հեռացավ փոքր-ինչ թեթևացած սրտով։

VII

Մինչև կոնցերտի օրը Պետր Ստեփանիչն օրական երկու անգամ այցելում էր Կարլ Մարկիչի ընտանիքը։ Թե Մարիա Իվանովնան որքան գոհ էր այդ այցելությունից, թե ինչ ուրախությունով էր ընդունում Պետր Ստեփանփչին ամեն անգամ, թե ինչ շարժվածներ,