քո ասած մարդը չէ, ռեխդ թիքա չի գցիլ։ Ես աղջկան էլ ճանաչում եմ և գիտեմ ինչ բան է։
— Ո՞վ է, ո՞վ է, Սերգեյ Իվանիչ, — կրկնեց դարձյալ միաբերան հետաքրքիր խումբը շրջապատելով Սերգեյ Իվանիչին։
— Յուր գործակատարի աղջիկն է։
— Հաշտրախանցի՞ն, հա՛, ես էլ եմ տեսել, ես էլ եմ տեսել, շատ գեղեցիկ է, — ասացին միմյանց հետևից մի քանիսը։
— Գեղեցիկ լինելը գեղեցիկ է, բայց ինչ անես, որ․․․
Եվ Սերգեյ Իվանիչը, խոսքը չավարտելով, կրծքից մի հոգոց հանեց և գլուխը խորհրդավոր կերպով շարժեց։
— Ինչպե՞ս։
— Այնպես, — պատասխանեց Սերգեյ Իվանիչը, աչքի մեկը խփելով և շրթունքները կրծելով։ — Տուն, տեղ, ամեն օր նվերներ, հորն և եղբորը պաշտոն լավ ռոճիկներով։
— Փա՛հ, քո վիզը կոտրվի Դոլմազով, օտարներից կշտացար, հիմա էլ հային ես ձեռք գցե՞լ, — բացականչեց Սիմոն Լազրիչը, ձեռների ափերը իրարու խփելով։
— Չեմ հավատում, ես Պոպովի աղջկան ճանաչում եմ, նա շատ հպարտ և խելոք աղջիկ է։ Դոլմազովը չի կարող նրա հետ խաղալ, — մեջ մտավ մի ուրիշը, որը մինչև այդ ժամանակ լուռ էր։
— Էհե՛, երևի, դու լավ չես ճանաչում Դոլմազովին; — պատասխանեց թերահավատին Սերգեյ Իվանիչը, գլուխը շարժելով։ — Նա այնպիսի մարդ չէ, որ մեկի համար անօգուտ մի կոպեկ ծախսի, ուր մնաց այնքան բաներ բաշխի, ինչ որ բաշխում է Գասպարի աղջկան։ Տունը լեցրել է հազար տեսակ բաներով, էլի օր չի անցնում, որ մի նվեր չտանի հյուր գնալիս։
— Չէ, եղբայր, ես լավ եմ ճանաչում Դոլմազովին, գիտեմ ինչ հոգի ունի․․․
Զանգակը հնչեցրին, ներկայացումը սկսվեց, ամենքը մտան դահլիճ։
Պետր Ստեփանիչն և Կատերինա Կարլովնան նստած էին երկրորդ կարգում։ Օրիորդը հագնված էր թեև ոչ շքեղ, բայց բավական նուրբ ճաշակով։ Բազմաթիվ լապտերների լուսավորության