Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատվում էր յուր ծնողներին, սիրում էր յուր երկու քույրերին, որոնք տարիքով իրանից փոքր էին։ Հարգում ու պատվում էր նա նույնպես և՛ այն վաճառականին, որի մոտ գործակատար էր, խոնարհությամբ կատարում էր նրա պատվերները։ Բայց երբեք նրա խոնարհությունը ստրկության չէր հասնում. նա յուր գործերը կատարում էր ինչպես մի պարտաճանաչ գործակատար, ուրիշ ոչինչ։ Նա ինքնասեր տղա էր և տեղն եկած ժամանակ կարող էր պաշտպանել յուր պատիվը։ Որովհետև նրա հայրը, ծերացած լինելով, ոչնչով չէր պարապում, այս պատճառով ընտանիքի հոգսն ընկել էր որդու վրա։ Հինգ տարի ծառայեց Սմբատը վաճառականի խանութում. նրա չնչին ռոճիկն անբավական էր հինգ հոգուց բաղկացած ընտանիքի գոյությունը պահպանելու համար։ Տեսնելով, որ աղքատությունը շատ է ճնշում, նա յուր հոր համաձայնությամբ, թողեց Շուշին և եկավ Բաքու` այստեղ բախտ որոնելու։ Նա մտավ գործակատար Դոլմազովի մոտ ամսական քառասուն մանեթով։ Յուր համեստ ռոճիկի մի չնչին մասով կեսկուշտ կեսքաղցած ապրում էր ինքն, իսկ մնացյալն ուղարկում ընտանիքին, որի ապահովության խնդիրը նրա միակ հոգսն էր։ Հայրն անդադար գանգատվում էր աղքատության վրա, և Սմբատն, ամեն անգամ նրանից նամակ ստանալիս, քաշվում էր գործարանի մի անկյունն և դառն արտասուք թափում։ Չորս տարի էր, որ նա Դոլմազովի մոտ ծառայում էր միևնույն ռոճիկով։ Վերջին ժամանակ մի քանի անգամ նա խնդրեց Դոլմազովին փոքր-ինչ ավելացնել ռոճիկը, բայց վերջինն ուշադրություն չէր դարձնում։ Իսկ երբ Սմբատը մի անգամ ևս այդ մասին ակնարկեց, Դոլմազովը բարկացավ.

— Եթե մեկ էլ գլուխս ցավեցնես, շորերդ հավաքիր ու կորիր։

Սմբատը լռեց։ Բայց հազիվ անցել էր երկու ամիս այդ օրից, և ահա նույն Դոլմազովը հրավիրում է Սմբատին յուր մոտ և հանկարծ հայտնում, թե այսուհետև նրան ընդունում է յուր առանձին հովանավորության տակ։ Նա առաջարկում է Սմբատին պսակվել Կատերինա Կարլովնայի նման գեղեցկուհու հետ, խոստանում է անկախ ապրուստի միջոց, մագազին և, իբրև ապացույց, տալիս է երեք հատ հարյուրանոց։

Որպիսի՜ բախտավորություն, որպիսի՜ անսպասելի երջանկություն