նրա ծերունի ծնողների համար։ Այո՛, որդիական սերը նրան իրավունք չի տալիս դիմել ինքնասպանության։ Միակ ելքն այս անիծյալ քաղաքից հեռանալն է։ Ի՛նչ խայտառակություն, տեր աստված, և ո՛վ կարող է սպասել, թե Դոլմազովը մի այդպիսի դև է։ Ի՛նչպես խելագարվեց և գլխապատառ ընկավ այդ մարդու որոգայթը։ Դոլմազով, օ՛օ՛օ՛ Դոլմազով, հիմա հասկանալի է, թե ինչ միտք ուներ քո բարերարությունը։ Զզվելի, կեղտոտ մարդ, մի՞թե բավական չէր քեզ, որ անբախտացրել էիր մի ամբողջ ընտանիք, որ դու երկրորդին ևս թշվառացրիր։ Օ՛օ՛օ՛․․․ եթե մի օր քեզ կհանդիպի Սմբատը․․․ Բայց այժմ ուշ է, այժմ միայն մի բան է մնում անել․ շուտով այստեղից հեռանալ։ Արդեն ամբողջ քաղաքը խոսում է, ամենքի բամբասանքի առարկան է նա, էլ ի՛նչ երեսով կարող է մնալ այստեղ։
Այս մտածողության մեջ խորասուզված, Սմբատը բարձրացավ և սկսեց նայել ծովի հեռավոր հորիզոնին։ Կես ժամու չափ նա այդ դրության մեջ անշարժ կանգնած էր։ Հանկարծ նրա ականջներին հասավ բարակ սուլոցի ձայն։ Սմբատն արագ քայլերով դիմեց դեպի շոգենավն և բարձրացավ տախտակամածի վրա։
Շոգենավը բաժանվեց կայարանից և հանդարտությամբ սկսեց լողալ դեպի ծովի խորքը, Սմբատը, երեսը դարձրած, քաղաքին էր նայում։ Անցավ քառորդ ժամ, և քաղաքը սկսեց հետզհետե անհետանալ նրա աչքերից։ Վերջին անգամ նայելով դեպի հետ, նա մի խորը հառաչանք արձակեց կրծքից։
— Մնաս բարյավ կարծեցյալ բախտավորություն — ասաց, և արտասուքի երկու խոշոր կաթիլներ, գլորվելով նրա աչքերից, ընկան տախտակամածի վրա։
Մոտ երեք տարի անցած Սմբատի Պարսկաստան հեռանալու երեկոյից՝ Հաշտարխանի նեղ փողոցներից մեկում, մի փոքրիկ սենյակում ապրում էր երեք հոգուց բաղկացած մի ընտանիք։ Սրանցից մեկը մի պառավ կին էր մեջքից ծռված, մյուսը մի դեղնած