Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նրա հիմարություններն անթիվ, անհմար են, նրա ամեն քայլը եղել է սխալ։ Բայց ինչի՞ցն է ձագել այդ սխալը։— Թուլությունից, հաստատ կամքի բացակայությունից, որոնք նրա անբնական կյանքի հետևանքներն են։ Նույն անբնական կյանքը շարունակվում է և՛ այսօր։ Նրա ուղեղը ծանրաբեռնվել է հազար տեսակ տարբեր գաղափարներով, իրարու հակառակ մտքերով, և այդ բոլորն անորոշ ու անկանոն կերպով այս րոպեին դասավորված նրա գլխումը, դժդժում են այնտեղ, ինչպես անթիվ որդեր։ Ի՞նչ է արել․․․ ի՞նչ է անում և ի՞նչ պիտի անի․․․․ է՞լի ոչինչ։ Ոչի՜նչ․․․

Նա հանեց ժիլետի գրպանից ժամացույցն և նայեց։

— Արդեն գիշերվա երկու ժամն է, քունս չի տանում, գլուխս ցավում է․․․ ականջներումս, կարծես, թմբուկներ են ածում, գլխիս գանգը ուզում է տրաքվել։ Ի՞նչպես տաք է ճակատս․ աչքերս մթնում են․․․ այդ ինչի՞ցն է․․․ Անքնությունից կլինի, երեկ, գիշեր էլ մինչև լույս չեմ քնել։ Բայց ի՞նչ անեմ, որ քունս չի տանում։ Զարմանալի բան․․․ այսօր չեմ ճաշել, երեկոյան էլ թեյ չեմ խմել, բայց քաղց ամենևին չեմ զգում, ախորժակս մեռել է․․․

Նա կրկին բարձրացավ տեղից և կրկին սկսեց քայլել։ Այս անգամ նրա երեսին բոլորովին գույն չէր մնացել, աչքերը վառվել էին, ցամաքած շրթունքները ցնցողաբար դողդողում էին։ Նա մտածում էր, բայց ինչ էր մտածում — այդ ինքն էլ չգիտեր։ Նրա գլխում տիրում էր կատարյալ քաոս։ Սակայն մտքերի այդ խառնաշփոթության մեջ որոշվում էին հետևյալ գծերը։

— Հոգու անդորրությունը մարդկային կյանքի երջանկությունն է։ Երանելի է այն մարդը, որ վայելում է այդ երջանկությունը։ Ես մինչև այսօր զուրկ եմ եղել նրանից, նամանավանդ — այժմ։ Իմ անցյալը լիքն է վշտերով, ապագան պաակերանոմ է իմ առջև սև գույներով, իսկ ներկան անտանելի է։ Անտանելի՜ է, հեշտ է ասել, թե կյանքն անտանելի է, բայց զգա՞լ այդ անտանելիությունը, օօ՛օ՛․․․ Մուրացկանի, անդամալույծի դառն, դժնդակ կյանքի հարվածների ներքո թշվառացած արարածների ողբալի դրությունը կարող է հասկանալի լինել ամենի համար։ Բայց թե որքան ծանր է այս դրությունը, որքան վշտալի է — այդ զգալի է միմիայն իրան, միմիայն թշվառին։ Ամենազորեղ երևակայությունը,