ժպտում էին վայրենի կերպով, աչքերը փայլում էին մի տեսակ կատաղի փայլով։ Մի քանի րոպե նա այս դրության մեջ մնաց, հետո կրկին սկսեց քայլել։ Նրա ծնկները թուլացել էին, հարբածի նման չէր կարողանում ուղիղ ման գալ։ Այդպես շարունակեց մոտ կես ժամ։ Հետո նա, շուռումուռ գալով, դարձյալ մոտեցավ սեղանին և հանկարծակի, խելագարի պես, հարձակվեց հիշատակարանի վրա, վերցրեց նրան և սկսեց ձեռներով ճմռտել և ատամներով կրծոտել․․․
Վառարանը հանգչելու վրա էր, կրակի երեսն արդեն ծածկված էր մոխրով։ Քամալյանը, հիշատակարանը կրծոտելով և վայրենաբար բղավելով, մոտեցավ վառարանին, վերցրեց ունելիքը և կրակը խառնեց։ Անցան մի քանի վայրկյաններ, հանկարծ կրակը վառվեց, և վառարանի մեջ բարձրացավ պայծառ բոց։
— Հա՛ հա՛ հա՛, քսանուհինգ տարվա կյանք․․․ ահա՛ ինչ է քո վարձը, ահա ինչի ես արժանի դու,— գոռաց նա վայրենի զվարճությամբ․ նայելով հիշատակարանի բոցավառված թերթերին։
Մի րոպեում կրակը լափեց երեսուն թերթերից բաղկացած ձեռատետրը։ Բոցը դադարեց, և կրկին մոխիրը ծածկեց կրակի երեսը։
— Վերջացավ, վերջացավ ամենայն ինչ, քսանուհինգ տարվա կյանքս մոխիր դարձավ, մոխիր դարձավ իմ բոլոր անցյալը․․․ Ազատվեցի, ուֆ, ազատվեցի․․․ գնա կորիր հին կյանք, էլ քեզ հետ ես գործ չունիմ։
— Ամեն ինչ կորավ կորավ, ամբողջ կյանքս, անհետացավ։ Չկա այն։ Իսկ ապագա՞ն, հը՛մ, երեխա եմ, նորից պիտի մեծանամ, հա՛, հա՛, հա՛, քսան ու հինգ տարեկան երեխա, ինչ ասել կուզի, շատ փոքր եմ դեռ։ Սպասիր, կրակ, ես քեզ համար դեռ կերակուր շատ ունիմ պատրաստած, տեսնում եմ խիստ ես քաղցած․․․ սպասի՛ր։ Դա ի՞նչ է, հա՛․․․․
Նա սեղանի վրայից վերցրեց մի մեծ հաստակազմ գիրք։
— Առաջ, առաջ այս ցնորամիտին, հետո,— ասաց նա ձգելով գիրքը վառարանը։ Բարձրացավ մի թանձր ծուխ, որից հետո գիրքը բոցավառվեց, և նրա կազմի վրա փայլեց ոսկեզօծ տառերով տպված «Философия безсознательнаго» վերնագիրը։ Բոցը չդադարած,