Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էր և տաքացած վիճաբանում։ Նա երբեմն, տեղի-անտեղի, զանազան լուրջ հեղինակների անուններ էր հիշում, իբրև թե յուր հոր ասածը հերքելու համար։ Բայց ես, չգիտեմ ինչու, զգում էի, որ նա այդ հեղինակներից ոչ մեկի հետ լավ ծանոթ չէ և նրանց անունը տալիս է լոկ էֆեկտի համար։ Լիզան լուռ էր և լսում էր։ Հոր հայացքներից ազատ վայրկյաններ որսալով, ես մերթ ընդ մերթ, նայում էի այն օրիորդի երեսին և նկատում էի, որ նա նույնպես աչքի տակով երբեմն ինձ է նայում։ Այդ ժամանակ ես զգում էի մի տեսակ հոգեկան հաճույք, որի հետ մինչև այն ժամանակ ծանոթ չէի։ Է՛հ, Գևորգ։

Արզաս Պետրովիչը գարեջրի շիշը վերցրեց, պահեց կանթեղի դեմ և շարժելով, ասաց․

— Փիե՛, ո՞վ ծակեց այս շշի տակը։ Հրամայիր, Գևորգ, որ այդպիսի անկարգություններ չլինեն իմ ներկայությամբ։

Գևորգը հրամայեց, և ծառան ներս բերեց մի նոր լիքը շիշ։

— Իմ կենացը, Գևորգ, կոնծի՛ր,— ասաց Արզաս Պետրովիչը, բաժակը միանգամից պարպելով։— Չի՞ ձանձրացնում քեզ իմ պատմությունը։

— Խոստովանում եմ, մեծ ախորժակով եմ լսում․ Լիզան ինձ հետաքրքրում է,— պատասխանեց Գևորգը։

— Հասկանում եմ, հասկանում եմ։ Հա՛, արդեն անցել էր երկու ժամ։ Ես ողջունեցի Բադամովներին և դուրս եկա։ Վերջին անգամ նայեցի Լիզայի երեսին և նրա խոշոր, պարզագույն աչքերն ինձ վրա հառած տեսա։ Նույն օրն ես գործ շատ ունեի, վերջացրի և ճաշից հետո, իրիկնադեմին քիչ հանգստացա ու դուրս եկա զբոսնելու։ Ամառ էր, փողոցի օդը թարմացրեց ինձ, և ես, սովորությանս համեմատ, սկսեցի այն օրվա տպավորություններս քննել։ Երևակայիր, Գևորգ, որքան գլխիս զոռ տվեցի Բադամովի ընտանիքի մասին հիշել մի առ մի այն, ինչ որ նկատել էի այդ օրը — ոչինչ չկարողացա մտաբերել, բացի մի բանից։ Դա Լիզայի խոհուն աչքերն էին, որ բարձր ճակատի և կակուղ ունքերի տակից նայում էին ինձ վրա։ Ինչո՞ւ, մի՞թե ուրիշ ոչինչ հետաքրքիր բան չկար այդ ընտանիքում, որ ինձ վրա ազդեր, բացի այդ երկու աչքերից։ Կար, թե չկար, բայց ես ուրիշ ոչինչ չկարողացա հիշել։ Մի օր,