Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ի՞նչ էի արել։ Բայց հետո իմացա, որ շատ բան եմ արել։ Արդեն երեկո էր, երբ ես դուրս եկա։ Լիզան չդուրս եկավ ինձ հրաժարական տալու, և ես հեռացա ինչ-որ ծանրություն ոչ կրծքիս վրա, այլ կրծքիս տակ։ Է՛հ, Գևորգ ես չեմ պատմիլ, թե դա ինչ ծանրություն էր, դու այժմ ինձանից լավ ես զգում։ Բայց դու չձանձրացա՞ր։

— Ամենևին,— պատասխանեց Գևորգը, մի ծխախոտ վառելով,— կարող ես մինչև լույս խոսել։

— Դեռ իմ պատմության սկիզբն է դա, լսիր մինչև վերջը մոտենում եմ նրա ծուծին։

Հետևյալ օրը չհամբերեցի և կեսօրից հետո, գործերս ավարտելով, գնացի Բադամովի տուն։ Դա իմ կողմից մեծ համարձակություն էր, սակայն ես չմտածեցի և գնացի։ Որքան մեծ եղավ իմ ուրախությունը, երբ Լիզային հանդիպեցի դահլիճում, դաշնամուրի դեմ նստած, նոտաների տետրը դեսուդեն թերթելիս։ Մարտին Բուղդանիչն այս անգամ ինձ ընդունեց ավելի քաղաքավարի, բայց ես նրա դեմքի վրա նկատեցի մի տեսակ ճնշում։ Իսկ Եվգենյան սառնությամբ ձեռը մեկնեց ինձ և դուրս եկավ։

— Ներեցեք, որ ես երեկ անքաղաքավարությամբ ձեզ թողեցի դահլիճում և հանկարծ դուրս եկա,— դիմեց ինձ Լիզան, տեղից բարձրանալով։

— Անքաղաքավարությունն իմ կողմից էր, օրիորդ,— պատասխանեցի ես, համարձակորեն նայելով Լիզայի երեսին։

— Ինչո՞ւ։

— Դուք հիվանդացաք, իսկ ես իբրև բժիշկ, չառաջարկեցի իմ ծառայությունը։

— Շատ էլ սաստիկ չէր ցավում գլուխս, որ բժշկի դիմելու կարևորություն զգայի,— պատասխանեց Լիզան և հետո, դառնալով հորը, հարցրեց․— պապա, կկամենա՞ք, որ ձեր սիրած եղանակներից մինը ածեմ։

— Միայն երեկվա պես կիսատ չթողնես ու փախչես,— պատասխանեց Մարտին Բուղդանիչը լրջորեն։

Լիզան նստեց դաշնամուրի դեմ և, ճակատից մազերը հետ դարսելով, սկսեց մի ուրախ եղանակ։ Բայց ուրախ եղանակն այս անգամ ինձ վրա տխուր տպավորություն գործեց։ Ես նայում էի