Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Շնորհակալ եմ ձեր հոգացողության համար։

— Հայրս է ձեր մասին շատ հարցնում,— շտապեց ավելացնել Լիզան։

— Շնորհակալ եմ, ի՞նչպես է Մարտին Բուղդանիչը։

— Լավ է։ Երեկ այգումը երկու ժամու չափ ես և Ժենյան պտրեցինք ձեզ և ոչ մի տեղ չտեսանք։

Այս անգամ չկարողացա ինչպես հայտնեմ իմ շնորհակալությունը։ Մի քանի անգամ «շնորհակալ եմ» բառը իրարու հետևից կրկնելը, ինձ անհամ էր թվում։

— Դո՞ւք ինչպես եք,— վերջապես, հարցրի ես, հանկարծ մտաբերելով իմ սխալը։

— Շատ տխուր, մի շաբաթ է չգիտեմ ինչ է պատահել ինձ, գիշերները չեմ կարողանում քնել։

Այս ասելով, Լիզան գլուխը թեքեց կրծքին և մատներով սկսեց ուղղել հանդերձի փեշերը։ Նայեցի վերևից ցած նրա երեսին և նկատեցի ոչ թե անքնություն, այլ մի ինչ-որ ծանր մտածողությունից առաջացած փոփոխություն։ Ոչ նրա աչքերի կոպերն էին ուռած և ոչ էլ նրանց սպիտակուցն էր դեղնած։ Անքնության այս հետքերը չկային Լիզայի դեմքի վրա, կառ միայն մի թեթև դեղնություն։ «Հը՛մ, իմ բացակայությունը իզուր չի՛ անցել»,— մտածեցի ես, ուրախանալով։

— Գուցե հիվա՞նդ եք, թույլ տվեք շոշափել ձեր երակը,— ասացի ես։

Լիզան զգուշությամբ մեկնեց ինձ յուր բազուկը։ Ես անհապաղ ոչ թե բռնեցի, այլ խելագարի պես ճանկեցի այդ բազուկը։ Մի վայրկյանում նա դողաց իմ ձեռի ափում, և Լիզան դուրս խլեց նրան արագությամբ։

— Թողեք, ես առողջ եմ,— ասաց նա կարմրելով և երեսը ինձանից շուռ տալով։

Ես զգացի մի ինչ-որ ցնցում, ամբողջ մարմնովս անցավ հաճելի դողոց։ Ես շփոթվեցի և կամենում էի բերանս բանալ չգիտեմ ինչ ասելու։ Բայց այդ վայրկյանին ներս մտավ Մարտին Բուղդանիչը։ Լիզան շփոթվեց և վեր կացավ տեղից։

— Օօ՛օ, Արզաս Պետրովիչ, Արզաս Պետրովիչ,— դիմեց ինձ